Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը ֆեյսբուքյան իր էջում հրապարակել է ամանորյա շնորհավորական ուղերձը, որը ներկայացնում ենք ամբողջությամբ.
«Սիրելի համաքաղաքացիներ,
անցնող տարվա ընթացքում ես մի քանի անգամ առիթ ունեցել եմ համոզվելու, որ երևանցիները բացառիկ մարդիկ են՝ նվիրված իրենց քաղաքին, երկրին ու ժողովրդին: Մենք գիտենք զվարճանքի ժամին ուրախանալ միասին, հյուրընկալել հեռու-մոտիկ երկրներից եկած մեր քույրերին ու եղբայրներին, մեր հյուրերին, միևնույն ժամանակ՝ գիտենք նաև միասնաբար դիմակայել դժվարություններին, հոգատար լինել մեկս մյուսի հանդեպ ու տեր կանգնել մեր քաղաքին ու նրա խնդիրներին:
Ուզում եմ այս լուսավոր առիթն օգտագործել՝ մի անգամ էլ իմ սերն ու երախտագիտությունը հայտնելու Ձեզ, սիրելի համաքաղաքացիներ՝ Ձեր եռանդի ու նպատակասլացության համար: Ուզում եմ շնորհակալություն հայտնել ճակատագրին՝ ձեզ հետ նույն քաղաքում ապրելու բախտի, և այս քաղաքը միասնական ջանքերով ավելի լավը դարձնելու հնարավորության համար:
2019-ին մենք միասին լուծեցինք անցյալից մեզ մնացած խնդիրների մի մասը: Նաև իրար հետ ցանեցինք այն սերմերը, որոնց պտուղները ճաշակելու ենք արդեն գալիք տարվա ընթացքում, գալիք տարիների ու տասնամյակների ընթացքում: Սկսեցինք կառուցել համակարգեր, որոնք երբե՛ք չեն եղել մեր քաղաքում կամ մնացել են մեր ու մեր ավագների հեռավոր հիշողությունների մեջ:
Իսկ այսօր, մենք մեր երեխաների հետ միասին հերթական անգամ շունչներս պահած սպասում ենք ամանորի հրաշքին: Ուզում եմ, որ հնարավորինս անհոգ անցկացնենք այս օրերը, միևնույն ժամանակ՝ քրիստոնեական մեր ավանդույթի համաձայն, տոների ընթացքում չմոռանանք նրանց, ովքեր մեր կարիքն ունեն՝ մեր մերձավորներին՝ մեր տարեց հարազատներին կամ հիվանդ հարևաններին, մեր փողոցի անօթևանին կամ դժվարին կացության մեջ հայտնված անծանոթին: Եվ իհարկե, անդադա՛ր հիշենք նրանց, ովքեր ապահովում են մեր անդորրն ու խաղաղությունը՝ Հայոց բանակի զինվորներին:
Եվ այսպես, եկեք ուրախանանք գալիք օրերի ընթացքում, որովհետև մենք վաստակե՛լ ենք այդ ուրախությունը: Եկեք բարձր տրամադրությամբ վայելենք տոնական հանգիստը, որովհետև գալիք 2020-ին մեզ տքնաջան աշխատանք ու մեծ գործեր են սպասում:
Շնորհավոր Նոր Տարի և Սուրբ Ծնունդ»: