Անիմաստ միջնորդություններ, անիմաստ խորհրդակցական սենյակներ. նախկին դատավորը՝ Ռոբերտ Քոչարյանի գործով վերաքննիչ բողոքի քննության մասին  

Նախկին դատավոր Պարգև Օհանյանը հայտարարություն է տարածել որում անդրադարձել է Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցը փոխելու և գրավ կիրառելու միջնորդությունը մերժելու դեմ վերաքննիչ բողոքի քննությանը:

«Երեկ լուրերով,եթե ճիշտ հասկացա, Ռ.Քոչարյանի խափանման միջոցը փոխելու և գրավ կիրառելու միջնորդությունը մերժելու դեմ վերաքննիչ բողոքի քննությանը մասնակցում էին նաև մյուս ամբաստանյալների պաշտպանները, ովքեր անգամ դիրքորոշումներ հայտնեցին…ընդ որում՝ նրանց պաշտպանյալները ներկա չէին և դա բնական է, քանի որ քննարկվող հարցն իրենց չէր վերաբերվում:

Մեղմ ասած՝ տարակուսած եմ: Ավելին ասեմ՝ ՀՀ ՔԴՕ 65-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետի համաձայն՝ մեղադրյալն իրավունք ունի ունենալ պաշտպան, հրաժարվել պաշտպանից և պաշտպանվել ինքնուրույն, իսկ 8-րդ կետի համաձայն՝ իրավունք ունի իր միջնորդությամբ,հետաքննության մարմնի,քննիչի կամ դատախազի թույլտվությամբ ԱՆՁԱՄԲ ԿԱՄ պաշտպանի միջոցով մասնակցել քննչական կամ այլ դատավարական գործողություններին կամ հրաժարվել դրանց մասնակցելուց:

Մի կողմ թողնելով նորմերի թերությունները՝ օրինակ,որ 3-րդ կետում «պաշտպանից» հետո պետք է«կամ» լիներ, այլ ոչ թե ստորակետ և, որ 8-րդ կետում պետք է լիներ նաև «դատարանը»,իսկ ավելի ճիշտ՝ որևէ մեկի թույլտվության անհրաժեշտությունը չպետք է լինի,ակնհայտ է, որ՝ եթե մեղադրյալը /ամբաստանյալը/ պաշտպան ունի, ցուցմունք տալուց բացի /այն էլ, եթե ցանկանա/ իր բոլոր իրավունքները պետք է իրացնի պաշտպանի միջոցով… Կոպիտ ասած՝ էլ ինքը խոսելու իրավունք չպետք է ունենա, բացառությամբ, եթե պաշտպանի գործողությունների հետ համաձայն չէ, հայտարարում է նրանից հրաժարվելու մասին և, իհարկե, «վերջին խոսքում», ինչպես քաղաքակիրթ երկրների դատավարություններում է:

Այսպես հեռու չենք գնա, քրեական դատավարության օրենսգրքի թերությունները և գործող արատավոր դատական /և մինչդատական/ պրակտիկան քրեական գործերի քննությունը, ուստի և արդարադատությունը պարզապես անհնար են դարձնում.ամիսներով հետաքննություն և նախաքննություն,ամիսներով ,տարիներով դատաքննություններ…լավ է պաշտպանները 20-ը չեն ,30-ը չեն,տուժողները 110-ը չեն /փառք Աստծո/,մեղադրյալներն էլ 40-ը չեն: Պատկերացնու՞մ եք,որ ամեն մեկը դիրքորոշում հայտնի յուրաքանչյուր միջնորդության,բացարկի վերաբերյալ,յուրաքանչյուրը ճառ ասի և այլն: Հայտնի անեկդոտը հիշեցի՝ «Լավ է կովերը չեն թռչում»:Աբսուրդ է:Դատարանում քր.գործի քննությանը մեղադրանքի կողմը /այսինքն նաև տուժողներին/ ներկայացնում է մեղադրողը /հոդված 23/: Նյուրենբերգյան դատավարության ժամանակ դատախազները չորսն էին՝յուրաքանչյուր երկրից մեկը՝ԱՄՆ,ՄԲ,Ֆրանսիա,ԽՍՀՄ,մեկական փոխարինողներով:

Պատկերացնու՞մ եք, եթե տուժողների իրավահաջորդներն ու ներկայացուցիչներն էլ մասնակցեին…Անիմաստ միջնորդություններ, անհիմն բացարկներ, անիմաստ քննարկումներ, անիմաստ խորհրդակցական սենյակներ, անհիմն հետաձգումներ…Քրեական դատավարության օրենսգիրքը, դրանից կախված դատական պրակտիկան շտապ փոխել է պետք, և դա կախված չէ սահմանադրական հիմնախնդիրների հետ…»,- ասվում է հայտարարության մեջ:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել