«Երեկ, ըստ էոթւյան շոկային լուր ստացվեց և տարածվեց իրավապահ մարմինների կողմից, խոսքն այն մասին էր, որ Հանրապետությունում բացահայտվել է երեխաների ապօրինի որդեգրման մեխանիզմ և ճիշտն ասած, երբ օգոստոսի 16-ին, հաշվի առնելով բազմաթիվ հանրային ահազանգերը, նամակները, կառավարությունում բոլոր շահագրգիռ գերատեսչությունների կազմով խորհրդակցություն անցկացրեցինք և տրվեցին կոնկրետ հանձարարարականներ՝ Ազգային անվտանգության ծառայությանը, ոստիկանությանը։ Անկեղծ ասած, այդ ժամանակ մարդկայնորեն, գուցե, չէի կարող հավատալ, որ այս թեմայով կլինեն կոնկրետ բացահայտումներ»․ այս մասին այսօր՝ դեկտեմբերի 19-ին, կառավարության հերթականի նիստից առաջ ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
Հիշեցնենք, որ երեկ՝ դեկտեմբերի 18-ին, ձերբակալվել են Հանրապետական ծննդատան տնօրեն Ռազմիկ Աբրահամյանը, փոխտնօրենը և մանկատան տնօրենը, ավելի ուշ՝ ևս մեկ անձ։
Վարչապետ Փաշինյանը նշեց, որ որևէ մեկի անմեղության կանխավարկածը չի կարող խախտվել և մարդը մեղավոր է համարվում միայն դատարանի օրինական վճռի առկայության դեպքում, սակայն, եթե նման գործողություններ արվել են, նշանակում է, որ առնվազն կասկածելու հիմքեր կան։ Նա դիմեց Քննչական կոմիտեի նախագահ Հայկ Գրիգորյանին՝ հարցնելով, արդյո՞ք այդ կասկածները կվերափոխվեն մեղադրանքների առաջադրման։ Ի պատասպան որի, Հայկ Գրիգորյանը նշեց․ «Երկու շաբաթ առաջ ձերբակալվել էր ևս մեկ անձ, այդ գործով, որին այս պահին մեղադրանք է առաջադրված և ինչպես նշվեց, երեկ ձերբակալվեն են 4 անձիք։ Ապացույցների համակցությունն այս պահին բավարար է նրանց մեղադրանք առաջադրելու Քրեական օրենսգրքի 167-րդ հոդվածի 2-րդ մասով, որի դիսպոզիցիան է՝ ծնողներից երեխաներին ապօրինի բաժանելը»,-նշեց նա։
ՔԿ նախագահը նաև նշեց, որ գործով կատարվել են նաև մի շարք խուզարկություններ ԱԱԾ, ոստիկանության, դատախազության գործընկերների հետ համատեղ։ Նրա խոսքով, ուսումնասիրությունները կատարվում են սկսած այդ անձանց պաշտոնավարման օրվանից և 2012 թվականից առ այսօր առգրավվել են բոլոր փաստաթղթերը, որոնք կենթարկվեն մանրակրկիտ զննության։
«Կառաջադրվեն մեղադրանքներ, կընտրվեն խափանման միջոցներ»,-ասաց Հայկ Գրիգորյանը։
Նիկոլ Փաշինյանը նշել է, որ այդ գործը բավական էմոցիոնալ արձագանք է առաջացրել հանրության շրջանում, բայց կարևոր է, որ գործի քննությունը լինի առանց էմոցիաների, ամբողջական: «Կարևոր է հասկանալ, թե ի՞նչպես է պատահել, որ Հայաստանի Հանրապետությունում նման մեխանիզմ է գործել: Կասկածներ կան, որ դա երկար տարիներ է գործել: Պետք է ամբողջական քննություն տարվի, որպեսզի այս գործն իր բոլոր մետաստազներով լիարժեք բացահայտվի:
Ուզում եմ մի այսպիսի խոստովանություն էլ անել: Շատ դեպքերում, երբ ահազանգերը ստանում էինք, երբեմն ոչ այնքան ադեկվատ, պոռթկումների տպավորություն էր թողնում, բայց հիմա, երբ հետահայաց նայում ենք, գուցե թե մեր գնահատականն այնքան էլ ճիշտ չի եղել: Պետք է այնպես անել, որ բոլոր հնարավոր կասկածները փարատվեն ու մենք իսկապես արձանագրենք, որ այդ ամոթալի էջը փակել ենք իր բոլոր իրավական հետևանքներով»,- նշել է վարչապետը: