Կկրճատվի անչափահասների հարցաքննության տևողությունը

Ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցության պատգամավորներ Նիկոլայ Բաղդասարյանը և Սոնա Ղազարյանը  կառավարության հավանությանն են ներկայացրել Քրեական դատավարության օրենսգրքում լրացումներ և փոփոխություն կատարելու մասին օրենքի նախագիծը:

Նախատեսվում է, կրճատել անչափահասների հարցաքննության տևողության ժամկետը մինչև 7 տարեկան վկայի կամ տուժողի հարցաքննության համար 30 րոպեից, իսկ օրվա մեջ՝ մեկ ժամից ավել, իսկ 7-ից 14 տարեկան վկայի կամ տուժողի համար՝ մեկ ժամից, իսկ օրվա մեջ՝ երկու ժամից ավել: Հոգեբանի եզրակացության հիման վրա կարող է տևողությունն ավելի կրճատվել: Ներկա դրությամբ դա իրականացվում է միայն բժշկի եզրակացության հիման վրա:

Օրինական ներկայացուցչին վարույթին մասնակցելը  կարգելվի, երբ նա՝ գտնվում է ազգակցական կապի կամ անձնական կախվածության մեջ այն դատավորի, դատախազի, քննիչի կամ հետաքննության մարմնի աշխատակցի հետ, ով մասնակցել կամ օրինական ներկայացուցչի ներգրավման պահին մասնակցում է վարույթին, գտնվում է ազգակցական կապի կամ անձնական կախվածության մեջ կասկածյալի կամ մեղադրյալի կամ նրանց մերձավոր ազգականների հետ, իր վարքագծով ակնհայտորեն վնասում է անչափահաս կամ անգործունակ մասնակցի շահերին,օրենքով կամ դատական ակտով չի կարող լինել օրինական ներկայացուցիչ:

Բացի մանկավարժից նաև հոգեբանի կամ սոցիալական աշխատողի ներգրավումը, իսկ երբեմն հարցաքննության ընթացքում հարցեր տալու հնարավորությունը հոգեբանին հանձնարարելը, կթույլատրվի մասնավորապես՝ սեռական անձեռնմխելիության և սեռական ազատության դեմ ուղղված հանցագործությունների վերաբերյալ գործերով, ընտանիքում բռնության դեպքերի վերաբերյալ գործերով, երեխայի թրաֆիքինգի կամ շահագործման վերաբերյալ գործերով, անչափահաս վկայի կամ անչափահաս տուժողի մտավոր զարգացման մեջ հետ մնալու կամ հոգեկան խանգարում ունենալու դեպքում, մինչև 14 տարեկան վկայի կամ տուժողի հարցաքննության դեպքում:

Անչափահաս վկան կամ անչափահաս տուժողը հարցաքննվելու է, եթե նախնական քննության ընթացքում նրա հարցաքննությունը չի տեսաձայնագրվել, իսկ տեսաձայնագրվելու դեպքում այն վերարտադրվում է դատական նիստերի դահլիճում և միայն, եթե առաջացած հարցերն այլ եղանակով փարատել հնարավոր չէ, ապա անչափահաս վկան կամ անչափահաս տուժողը ցուցմունք տալու նպատակով կհրավիրվի դատարան: Դատարանը հնարավորություն կունենա կողմի միջնորդությամբ կամ իր նախաձեռնությամբ անչափահաս տուժողին թույլ տալ ժամանակավորապես դուրս գալ դատական նիստերի դահլիճից, եթե ապացույցների հետազոտմանը ներկա գտնվելը նրա վրա կունենա բացասական ազդեցություն: Դատական նիստերի դահլիճ վերադառնալուց հետո անչափահաս տուժողի համար հակիրճ
կհրապարակվի ապացույցների հետազոտման արդյունքները:

Նախագծի հիմնավորման մեջ նշվում է, որ նախագծի ընդունմամբ ակնկալվում է անչափահաս տուժողների և վկաների իրավունքների պաշտպանության տեսանկյունից բարելավվել Քրեական օրենսգիրքը, անչափահասների մասնակցությամբ քրեական գործերի քննությունը դարձնել առավել երեխայակենտրոն, արդյունավետորեն պաշտպանել վերջիններիս իրավունքներն ու ազատությունները, նրանց մասնակցությամբ հարցաքննությունը և առերեսումը դարձնել քիչ տրավմատիկ՝ չվնասելով ո՛չ երեխային, ո՛չ էլ քրեական գործի քննությանը:

Արդարադատության նախարարությունը  հավանություն է տվել նախագծին:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել