Ինչպես արդեն հայտնել ենք, երեկ՝ դեկտեմբերի 11-ին, ոստիկանության հատուկ ջոկատայինները 6-րդ վարչության աշախակիցների հետ խուզարկություն են անցկացրել ՀՖՖ նախկին նախագահ Ռուբեն Հայրապետյանի առանձնատանը։
Ավելի ուշ Հայրապետյանը հարցազրույց է տվել «168 ժամ» լրատվականին և «Պրեսսինգ» հաղորդման ժամանակ նշել. «Անդրանիկ Քոչարյանը, որը իմ նախկին ընկերն է եղել 10 օր առաջ հորդորում էր իմ ընկերներից մեկի միջոցով, որ ես փախնեմ Հայաստանից, որովհետև Նիկոլը հրաման է տվել, որ ինձ բռնեն»:
Ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Անդրանիկ Քոչարյանը պատասխանել է Ռուբեն Հայրապետյանի հայտարարությանը.
Ռուբեն Հայրապետյան, նախկին ընկերներն այլևս ընդհանուր ընկերներ չեն կարող ունենալ: Դուք ձեր շրջապատն ու ընկերներին ընտրել եք դեռևս 2008-ի մարտի 1-ից հետո և շարունակաբար հանդես եք եկել այդ շրջապատի շահերի սպասարկուի դերակատարմամբ: Այս դեպքը ևս բացառություն չէ. հերթական անգամ «սիրելի ընկերներին» հաճոյանալով` փորձում եք ձեզ անվերապահորեն ծառայություններ մատուցող լրատվականներով տարածել դատարկ կեղծիքներ:
Հավանաբար ձեր զառանցանքների պատճառն այն է, որ ոստիկանությունը ձեր բնակարան չափից դուրս «շնորհքով է ներխուժել»` չնայած դուք վաղուց ի վեր այդ մեծահոգությանը արժանի չեք, հակառակ դեպքում հիմա որևէ հնարավորություն չէիք ունենա դատարկաբանելու:
Դուք, մշտապես ձեր անձնական շահի թելադրանքով ջանք չեք խնայել «ընկերություն» առաջարկելու տվյալ պահի իշխանություններին:
Ասեմ ավելին, նախաքննության ընթացքում դեռ առիթ կունենաք ասելու, թե ով է այդ «ընդհանուր ընկերը», որ ձեզ նման բան է «փոխանցել», դա էլ այն դեպքում, երբ չխախտելով գործի ընթացակարգը, ձեզ ինչ-որ բանում նախազգուշացնել կարող է միայն գործի վարույթը իրականացնող մարմինը:
Այնպես որ հանգիստ նստեք ձեր տեղը և հնարավորության դեպքում վերընթերցեք ժամանակին ձեր և Սերժ Սարգսյանի փոխհարաբերությունների վերաբերյալ գրված հոդվածները, իսկ ես ձեզ վստահեցնում եմ` հետագայում դուք անսահմանափակ ժամանակ կունենաք արժեքավոր ընթերցանությամբ զբաղվելու:
Հարգանքով` ձեր բնորոշմամբ նախկին ընկեր` Անդրանիկ Քոչարյան»: