«Օգտվեք այս հավելվածից, որ ԱԱԾ-ն, Կադաստրը, Նուպագաձին չգաղտնալսեն»․ Սամվել Մարտիրոսյան

Տեղեկատվական անվտանգության փորձագետ Սամվել Մարտիրոսյանը, անդրադառնալով քաղաքացիների հեռախոսազանգերը գաղտնալսելու հարցին, գրել է․

«Գաղտնալսման վերաբերյալ։ Եթե նկատել եք, հարց է դրված ոստիկանությանը տալ հնարավորություն գաղտնալսել մարդկանց՝ առանց ԱԱԾ-ին դիմելու։ Նենց չի, որ առաջ ոստիկանները գաղտնալսելու հնարավորություն չունեին։ Հիմիկվա խնդիրն այն է, որ ոստիկանները դիմում են ԱԱԾ-ին, իսկ դա նշանակում է, որ անվտանգությունը ոչ միայն իր գաղտնալսված տվյալներն ունի, այլ նաեւ ոստիկանական տվյալները։ Այսինքն, էլի գալիս ենք էն հարցին, որ Հայաստանում ԱԱԾ-ն սուպերկառույց է։ Ինչը ինքնին անվտանգության խնդիր է։ Մյուս հարցն այն է, որը ոչ ոք չի ուզում լուծել,  չկա ՈՉ մի հանրային վերահսկողության մեխանիզմ։ Գաղտնիության շղարշի տակ ինչ ասես կարող է կատարվել։ Եվ մենք այսօր պետք է ապավինենք միայն անվտանգության ղեկավարության բարձ բարոյական հատկանիշներին։ Այս ամենի մասին մի երկու խոսք կրկնեմ։ Եւ ընդհանրապես, հեռախոսով խոսացեք միայն երբ թելադրում եք, թե քանի կիլո գազար ա պետք առնել։ Մնացած դեպքերում խոսեք Signal հավելվածով։ Որ ձեզ ոստիկանությունը, ԱԱԾ-ն, կադաստրը, ԴԱՀԿ-ն, Նուպագաձին չգաղտնալսեն»։

Հիշեցնենք, որ եթեկ Ազգային ժողովի Պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովում քննարկվում է «Ոստիկանության մասին» օրենքում լրացումներ և փոփոխություն կատարելու նախագիծը:

Նախատեսվում է, որ մարդու իրավունքների պաշտպանության, խոշտանգման, անմարդկային կամ նվաստացնող վերաբերմունքի հնարավոր դեպքերի կանխարգելման և բացահայտման նպատակով ոստիկանության ստորաբաժանումների վարչական շենքերի մուտքերն ու ելքերը կկահավորվեն տեսագրող, իսկ ոստիկանության ստորաբաժանումների վարչական շենքերում հարցաքննության և հանցագործության մեջ կասկածվող անձանց հետ իրականացվող օպերատիվ հարցումների համար օգտագործվող տարածքները (աշխատասենյակները)՝ տեսաձայնագրող համակարգերով:

Սարքերը  կտեղակայվեն այնպես, որ հնարավոր լինի տեսագրել ոստիկանության ստորաբաժանումների վարչական շենքեր անձանց մուտք գործելու և ելքի ժամանակը, տեսաձայնագրել ոստիկանության ծառայողների կողմից ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով իրականացվող հարցաքննությունները և հանցագործության մեջ կասկածվող անձանց հետ «Օպերատիվ-հետախուզական գործունեության մասին» օրենքով սահմանված կարգով իրականացվող ոչ գաղտնի օպերատիվ հարցումները:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել