«Զվարթնոց» միջազգային օդանավակայանը հայտարարություն է տարածել, անդրադառնալով 34 հազար դրամ կազմող տաքսու կտրոնին.
«Կեղծարարությամբ զբաղվողները պետք է բացահայտվեն. «Զվարթնոց» միջազգային օդանավակայանի միակ պաշտոնական գործընկերը Yandex Taxi ընկերությունն է:
Երեկվանից շրջանառվող լուրի հետ կապված, համաձայն որի՝ Հայաստան ժամանած գերմանացի քաղաքացուց «Զվարթնոց» միջազգային օդանավակայանից «Արմենիա Մարիոթ» հյուրանոց տեղափոխելու համար տաքսու վարորդը պահանջել է 34.000 ՀՀ դրամ, ցանկանում ենք տեղեկացնել, որ 2019 թվականի փետրվարի 1-ից «Զվարթնոց» միջազգային օդանավակայանի՝ տաքսի ծառայություն մատուցող միակ պաշտոնական գործընկերը Yandex Taxi ընկերությունն է, որի գնացուցակը փակցված է օդանավակայանում:
Միևնույն ժամանակ ցանկանում ենք նշել, որ լուսանկարում երևացող կտրոնը կեղծ է և չի պատակնում Yandex Taxi ընկերությանը:
«Արմենիա» միջազգային օդանավակայաններ» ՓԲ ընկերությունը մշտապես բարձրաձայնել է օդանավակայանում առկա նման խնդրի մասին և դիմել պատկան մարմիններին` խնդրով զբաղվելու և կեղծարարությամբ զբաղվողներին բացահայտելու համար:
Հարգելի՛ ուղևորներ, Ձեզ ևս հորդորում ենք օգտվել միայն վստահելի տաքսի ծառայություններից՝ նման խնդիրներից խուսափելու համար»:
Ավելի վաղ հայտնել էինք, որ Հայաստան ժամանած գերմանացի մի քաղաքացու Զվարթնոց օդանավակայանից Մարրիոթ բերելու համար տաքսու վարորդը վերցրել էր 34 հազար դրամ:
Լուսանկարը՝ Suren Aghasi Manukyan-ի էջից