Պետական եկամուտների կոմիտեն հանրային քննարկման է ներկայացրել տրանսֆերային գնագոյացման մեթոդների կիրառության կարգը հաստատելու մասին նախագիծը:
Նախատեսվում է կարգավորել տրանսֆերային գնագոյացման մեթոդների կիրառության ընդհանուր սկզբունքները և առանձնահատկությունները:
Վերահսկվող գործարքում կիրառված ֆինանսական ցուցանիշի պարզած ձեռքի հեռավորության սկզբունքին համապատասխանությունը որոշելու, ինչպես նաև այդ գործարքի մասով շահութահարկով հարկման բազան, ԱԱՀ-ով հարկման բազան և ռոյալթիի բազան որոշելու նպատակով կկիրառվեն տրանսֆերային գնագոյացման հետևյալ մեթոդները՝
- համադրելի չվերահսկվող գնի մեթոդը,
- վերավաճառքի գնի մեթոդը,
- ծախսումներ գումարած մեթոդը,
- զուտ շահույթի մեթոդը,
- շահույթի բաշխման մեթոդը:
Վերահսկվող գործարքի՝ պարզած ձեռքի հեռավորության սկզբունքին համապատասխանությունը որոշելու համար հարկ վճարողի կողմից տրանսֆերային գնագոյացման մեկից ավելի մեթոդների կիրառությունը պարտադիր չի լինի: Երկու և ավելի մեթոդների կիրառումը կարող է նպատակահարմար լինել այն դեպքում, երբ այն կհանգեցնի վերլուծության ենթակա վերահսկվող գործարքի՝ պարզած ձեռքի հեռավորության սկզբունքին համապատասխանության արժանահավատության բարձրացմանը:
Եթե հարկ վճարողը վերահսկվող գործարքի՝ պարզած ձեռքի հեռավորության սկզբունքին համապատասխանությունը որոշելու նպատակով կկիրառի մեթոդներից որևէ մեկը, ապա հարկային մարմնի կողմից հարկ վճարողի վերահսկվող գործարքի՝ պարզած ձեռքի հեռավորության սկզբունքին համապատասխանության պարզումը կհիմնվի հարկ վճարողի կիրառած տրանսֆերային գնագոյացման մեթոդի վրա:
Մեթոդի ընտրության ժամանակ հաշվի կառնվեն տեղեկատվության լիարժեքությունն ու հավաստիությունը, ինչպես նաև համադրելիության ճշգրտումների անցկացման հնարավորությունն ու հիմնավորումը: