Մուտքի թույլտվություն չստացած օտարերկրացիները կպահվեն տարանցիկ գոտում կամ այդ նպատակով ստեղծված հատուկ կացարանում

Արդարադատության նախարարությունը հանրային քննարկման է ներկայացրել «Օտարերկրացիների և քաղաքացիություն չունեցող անձանց մասին» օրենքում  նախագիծը:

Օտարերկրացու մուտքը ՀՀ կարգելվի, եթե՝

1) նա արտաքսվել է ՀՀ տարածքից կամ զրկվել է կացության կարգավիճակից և արտաքսման կամ կացության կարգավիճակից զրկելու մասին որոշման ուժի մեջ մտնելու պահից չի անցել երեք տարի.

2) նա ենթարկվել է վարչական պատասխանատվության և չի կատարել վարչական ակտով իր վրա դրված պարտականությունը, բացառությամբ այն դեպքերի, երբ վարչական ակտն անբողոքարկելի դառնալու օրվանից անցել է մեկ տարի:

3) առկա են հավաստի տվյալներ, որ նա իրականացնում է այնպիսի գործունեություն, մասնակցում, կազմակերպում կամ հանդիսանում է այնպիսի կազմակերպության անդամ, որի նպատակն է՝

ա. վնաս պատճառել ՀՀ պետական անվտանգությանը, տապալել սահմանադրական կարգը, թուլացնել պաշտպանունակությունը,

բ. իրականացնել ահաբեկչական գործունեություն,

գ. ապօրինաբար սահմանով տեղափոխել զենք, ռազմամթերք, պայթուցիկ նյութեր, ռադիոակտիվ նյութեր, թմրամիջոցներ, հոգեմետ նյութեր,

դ. իրականացնել մարդու թրաֆիքինգ կամ շահագործում, ապօրինի հատել սահմանը և կազմակերպել անօրինական միգրացիա.

4) ունի վարակիչ հիվանդություն, որը սպառնում է բնակչության առողջությանը: Վարակիչ հիվանդությունների ցանկը սահմանում է ՀՀ կառավարությունը.

5) եթե օտարերկրացու կողմից չեն ներկայացվել կամ ներկայացվել են ոչ հավաստի տեղեկություններ իր անձի կամ ՀՀ մուտք գործելու կամ գտնվելու նպատակների վերաբերյալ.

6) առկա են նրա կողմից ՀՀ պետական անվտանգությանը կամ հասարակական կարգին այլ լուրջ և հիմնավոր սպառնալիքներ.

7) առանց մուտքի վիզայի ՀՀ ժամանելու իրավունք ունենալու դեպքում լրացել է ՀՀ նրա գտնվելու ժամկետը

8) նա ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման բնագավառի օրենսդրությունը խախտելու համար ենթարկվել է վարչական պատասխանատվության և չի կատարել վարչական ակտով իր վրա դրված պարտականությունը, բացառությամբ այն դեպքերի, երբ վարչական ակտն անբողոքարկելի դառնալու օրվանից անցել է մեկ տարի:

Օտարերկրացուն ծագման պետություն կամ այն պետություն, որտեղից նա ժամանել է կամ իր ցանկությամբ այլ պետություն, որտեղ տվյալ օտարերկրացու համար սահմանված է առանց մուտքի վիզայի ռեժիմ, վերադարձնելու անհնարինության դեպքում, առանց անձնագրի, անվավեր անձնագրով ՀՀ պետական սահմանի անցման կետ ժամանած կամ ՀՀ պետական սահմանի անցման կետում մուտքի վիզայի մերժում ստացած կամ սահմանային վերահսկողություն իրականացնող մարմնի կողմից մուտքի թույլտվություն չստացած օտարերկրացիները կպահվեն տարանցիկ գոտում կամ այդ նպատակով ստեղծված հատուկ կացարանում:

Եթե օտարերկրացին առանց ծնողի կամ օրինական ներկայացուցչի ուղեկցությամբ երթևեկող 18 տարին չլրացած անձ է, ապա նա չի կարող պահվել հատուկ կացարանում և անմիջապես  կուղեկցվի ծնողի  կամ օրինական ներկայացուցչի մոտ կամ կտեղավորվի երեխաների համար նախատեսված  կացարանում:

Սահմանային վերահսկողություն իրականացնող լիազոր մարմինը հատուկ կացարանում օտարերկրացուն տեղավորելուց հետո` 24 ժամվա ընթացքում, կդիմի դատարան` օտարերկրացուն մինչև 90 օր պահելու թույլտվության վերաբերյալ որոշում ստանալու համար: Դատարանի կողմից որոշում կայացնելու նպատակով օտարերկրացին դատարան կտեղափոխվի սահմանային վերահսկողություն իրականացնող լիազոր մարմնի ներկայացուցչի ուղեկցությամբ:

Եթե 90 օրվա ընթացքում անհնար է լինում օտարերկրացու վերադարձը ծագման պետություն կամ սահմանային վերահսկողություն իրականացնող լիազոր մարմնի դիմումը` օտարերկրացուն մինչև 90 օր պահելու թույտվության վերաբերյալ, դատարանի կողմից մերժվում է, ապա օտարերկրացուն ՀՀ ոստիկանության բնագավառում լիազորված պետական կառավարման մարմնի կողմից տրվում է ժամանակավոր գտնվելու թույլտվություն մինչև օտարերկրացու հեռացումը ՀՀ-ից:

Պետական սահմանի անցման կետերում և տարանցիկ գոտիներում հատուկ կացարանների գործունեության և օտարերկրացիներին պահելու կարգը կսահմանի ՀՀ կառավարությունը:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել