Ազգային ժողովի պատգամավոր Մերի Գալստյանը առաջարկում է ուժը կորցրած ճանաչել «Ողջիի, Փխրուտի, Արծվանիկի պոչամբարներում կուտակված և կուտակվող, ինչպես նաև«Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ» փակ բաժնետիրական ընկերության գործունեության արդյունքում գոյացած և գոյացող արտադրական լցակույտերի մշակման ներդրումային ծրագրի մասին» Հայաստանի Հանրապետության 2015 թվականի հունիսի 23-ի ՀՕ-102-Ն օրենքը:
Նախագծի հիմնավորման մեջ նշվում է, որ 2015 թվականից ստանձնելով ներդրումային ծրագրի իրականացումը՝ «Ալյոտիգ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունը չի իրականացրել ծրագրով նախատեսված պարտավորությունները, մասնավորապես ներդրումային ծրագրով նախատեսվում էր մեկ տարվա ընթացքում մշակել և ՀՀ կառավարության հաստատմանը ներկայացնել մաստեր պլան, որը պետք է ներառեր տեղեկատվություն ծրագրի իրականացման հիմնական նպատակների, գործողությունների, հիմնական և միջանկյալ փուլերի վերաբերյալ, ներառյալ` առկա տեխնիկատնտեսական ցուցանիշների հիման վրա` դրանց ակնկալվող ժամկետների հաշվարկը, նախատեսվող ենթակառուցվածքների ձևավորման վերաբերյալ, տեխնոլոգիական, ճարտարապետանախագծային և շինարարական սկզբունքային լուծումների վերաբերյալ, սոցիալական ազդեցության մասին, այդ թվում` բնակչության կենսամակարդակի բարելավման դրույթներ, համայնքների սոցիալ-տնտեսական զարգացման գործընթացին մասնակցության վերաբերյալ, աշխատանքի անվտանգության, աշխատակիցների առողջության պահպանության եւ շրջակա միջավայրի պահպանության սահմանված կանոնների և նորմերի վերաբերյալ: «Ալյոտիգ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության կողմից չի իրականացվել նաև ծրագրով նախատեսված լցակույտերի վերամշակման գործարանի կառուցումը: Բացի այդ, համաձայն ՀՀ Գեղարքունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի 08.01.2016թ.-ի վճռի՝ «Ալյոտիգ» ՍՊԸ -ն (հասցե՝ Գեղարքունիքի մարզ, գ. Ծովագյուղ), ճանաչվել է սնանկ: