Տեղամասում օրվա ընթացքում ուղղորդում էին ընտրողներին․ Անկախ դիտորդ

Անկախ դիտորդը հայտնում է, որ Կոշ համայնքի գործող ղեկավարի հետ կապված անձինք, որոնցից երկուսը վստահված անձ,18/4 տեղամասում օրվա ընթացքում ուղղորդում էին ընտրողներին: Դիտորդները մի քանի անգամ նկատել են ընտրողներին նույն մեքենաներով տեղափոխումը դեպի տեղամաս և ետ:

Տեղամասում ընտրողներին դիմավորում և ուղղորդում էր նույն թեկնածուի մեկ այլ վստահված անձ՝ կարգադրություններ տալիս գրանցման կարգի վերաբերյալ և փաստացի իր վրա վերցնում հանձնաժողովի նախագահի գործառույթները: Համայնքի ղեկավարի հետ կապված անձանցից մեկը նաև մուտք է գործել տեղամաս՝ չհանդիսանալով այդ պահին ընտրող և չունենալով ներկա գտնվելու իրավունք նախատեսող որևէ կարգավիճակ: Տեղամասային կենտրոնի շրջակայքում պարբերական բնույթ են կրել մարդկանց և մեքենաների կուտակումները, որոնք դիտորդների գնահատմամբ կապված են եղել վերոնշյալ անձանց ուղղորդող գործունեության հետ: Կուտակումներում և ընտրողների տեղափոխման գործին լծված մեքենաների պետհամարանիշներն են՝ 36PO856, 36OJ256:

Հանձնաժողովի նախագահը չի կարողացել անհրաժեշտ միջոցներ ձեռնարկել՝ կրկնվող պրակտիկան դադարեցնելու համար, իսկ ծառայություն իրականացնող ոստիկանը ցրել է կուտակումները միայն դիտորդների հորդորներից հետո:

Հիշեցնենք, որ այսօր տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններ են անցկացվում Արագածոտնի, Արարատի, Արմավիրի, Գեղարքունիքի, Լոռու, Կոտայքի և Շիրակի մարզերի 16 համայնքում, որոնցից 12-ում ընտրությունները հերթական են, իսկ 4-ում՝ արտահերթ: Նշված համայնքներից 12-ում ընթանում են համայնքի ղեկավարի, և 4 համայնքում՝ ավագանու անդամի ընտրություններ:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել