Արմեն Գրիգորյանը պարտադիր ընթերցանության համար 3 գիրք է առաջարկում

Անվտանգության խորհրդի քարտուղար Արեմն Գրիգորյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Քանի որ շուտով արձակուրդներ են, և ավելի շատ ժամանակ կլինի գիրք կարդալու համար, ստորև նշեմ այս տարվա կարդացածս գրքերից այն երեքը, որոնք ես կասեի պարտադիր են կարդալու համար.

1. Նիլ ԴեԳրաս Թայսոնի «Պատերազմի գործիքները. Անսասան կապը աստղագիտության և ռազմարվեստի միջև» (Accessory to War: The Unspoken Alliance Between Astrophysics and the Military) գիրքն է, որում հեղինակը փորձում է ցույց տալ, թե ինչպես են աստղագիտության մեթոդներն ու գործիքներն օգտագործվել պատերազմի ընթացքում։ Թայսոնն ասում է, որ տիեզերքը մեծ լաբորատորիա է, որտեղ գիտնականն ուզում է հասկանալ, իսկ զինվորականը տիրել այն։

2. Ումբերտո Էկոի և Ժան-Կլոդ Կարիերի «Հույս չունենաք թե կազատվեք գրքերից» աշխատությունն է, որում հեղինակները անրադառնում են գրքի դարավոր պատմության ուշագրավ էջերին։ Գրքերի պատմության լավագույն գիրքն է։ Հեղինակներն ասում են, որ գրքի մահը կանխատեսողները չարաչար սխալվում են։

3. Սթիվեն Հոքինգի «Հակիրճ պատասխաններ մեծ հարցերին» (Brief Answers to the Big Questions) գիրքը, որը հետաքրքիր գիտական պատում է մարդկությանը հուզող կարևոր հարցերի մասին: Գրքի ամենակարևոր հարցերից մեկն այն է՝ արդյոք մարդկությունը կկարողանա հաղթահարել իր առջև ծառացած մարտահրավերները, որոնցից ամենակարևորը գլոբալ տաքացումը և կենդանի մնալն է: Հոքինգսը գրում է. «Մի մոռացեք նայել վեր՝ աստղերին, ոչ թե ներքև՝ ձեր ոտքերի տակ: Փորձեք իմաստավորել ձեր տեսածը և զարմանալ, թե որն է տիեզերքի առաջացման պատճառը: Եղեք հետաքրքրասեր: Եվ որքան էլ դժվար կարող է թվալ կյանքը, միշտ կա մի բան, որը կարող եք անել և հաջողության հասնել: Կարևոր է, որ չհանձնվեք: Ազատություն տվեք ձեր երևակայությանը: Ձևավորեք ապագան»:

Իսկ դուք ի՞նչ հետքրքիր գրքեր եք կարդացել»,-գրել է նա։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել