Առողջապահության նախարարությունը հանրային քննարկման է ներկայացրել «Բնակչության սանիտարահամաճարակային անվտանգության ապահովման մասին» օրենքում փոփոխություններ և լրացում կատարելու մասին նախագիծը:
Նախատեսվում է, որ առողջապահության բնագավառում պետական կառավարման լիազոր մարմինն իր իրավասության շրջանակներում կիրականացնի՝
1)բնակչության սանիտարահամաճարակային անվտանգության ապահովման բնագավառում, ներառյալ՝ սննդամթերքի անվտանգության ոլորտում, պետական քաղաքականության մշակումն ու դրա իրականացման ապահովումը.
2)բնակչության սանիտարահամաճարակային անվտանգության ապահովման ոլորտումբնակչության առողջության պահպանման և բարելավման ծրագրերի մշակումը և դրանց իրականացման դիտարկումը.
3) սանիտարական կանոնների մշակումն ու հաստատումը.
4)համաճարակաբանական դիտարկման, բնակչության առողջության վրա շրջակա միջավայրի գործոնների ազդեցության սոցիալ-հիգիենիկ դիտարկման իրականացումը.
5)բնակչության սանիտարահամաճարակային անվտանգության ապահովման կազմակերպական և իրականացման մեթոդական ղեկավարումը.
6) սանիտարահամաճարակային անվտանգության ապահովման վերաբերյալ բնակչության իրազեկումը, բժշկական ու հիգիենիկ ուսուցումը և առողջ ապրելակերպի քարոզչությունը:
Կսահմանվի ՀՀ բնակչության սանիտարահամաճարակային անվտանգության ապահովման ընդհանուր պահանջները բնակչության ջրամատակարարման և ջրօգտագործման բնագավառում:
Պետական մարմինները, տեղական ինքնակառավարման մարմինները և ջրամատակարարման համակարգը շահագործող կազմակերպությունները, իրենց իրավասությունների սահմաններում կիրականացնեն միջոցառումներ ջրամատակարարման համակարգի պահպանման, զարգացման և բնակչությանը խմելու ջրի որակի պահանջներին համապատասխան ջրով ապահովելու ուղղությամբ:
Կենտրոնացված և ոչ կենտրոնացված ջրամատակարարման, լողանալու, սպորտով զբաղվելու և բնակչության հանգստի, բուժական նպատակներով օգտագործվող, ինչպես նաև բնակավայրերի սահմաններում գտնվող ջրամբարների ջրի որակը պետք է համապատասխանի սանիտարական կանոններին:
Բնակչության ջրօգտագործման աղբյուրների աղտոտումը կանխարգելելու և վերացնելու նպատակով օրենսդրությամբ կսահմանվեն սանիտարական պահպանման գոտիներ` հատուկ ռեժիմով:
Ջրի որակը սանիտարական կանոններին չհամապատասխանելու դեպքում Տեսչական մարմնի որոշմամբ ձեռնարկությունների, հիմնարկների, կազմակերպությունների և քաղաքացիների կողմից ջրի աղբյուրների և ջրամատակարարման համակարգի օգտագործումը կկասեցվի:
Նախագծի հիմնավորման մեջ նշվում է, որ նախագծի ընդունմամբ կսահմանվեն սանիտարահամաճարակային անվտանգության ապահովման մի շարք պահանջները, իրավաբանական անձանց կամ անհատ ձեռնարկատերերին հնարավորություն կտրվի օրենսդրությամբ սահմանված կարգով բժշկական օգնության և սպասարկման՝ ոչ բուժական բնույթի ծառայությունների մատուցման լիցենզիա ստանալու դեպքում իրականացնել սանիտարահիգիենիկ փորձաքննություն, բնակավայրերի սանիտարական վիճակի պահպանումը և հսկողությունը կիրականացվի ՀՀ օրենսդրության պահանջներին համապատասխան, կկանոնակարգվի բնակչության առողջության վտանգների, վարակիչ հիվանդությունների, դրանց հարուցիչների, մարդու առողջության համար վտանգ ներկայացնող ապրանքի և բեռների երկիր ներբերման և տարածման կանխարգելման աշխատանքները և կապահովի պետական սահմանի անցման կետերում բժշկական, կանխարգելիչ հակահամաճարակային և սահմանափակող միջոցառումների կազմակերպումն և իրականացումն` միջազգային պահանջներին համապատասխան, սանիտարա-կարանտինային հսկողության միջոցով, կկանոնակարգվի առողջապահության բնագավառում սանիտարահամաճարակային հսկողության ենթակա մի շարք ապրանքների պետական գրանցման հետ կապված հարաբերությունները: