Ազգային ժողովում այսօր՝ դեկտեմբերի 4-ին, պատգամավոր Տիգրան Ուրիխանյանը ԱԺ ամբիոնից անդրադարձավ Աբու Դաբիի թագաժառանգի վերաբերյալ Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանի հայտարարություններին։
Նա մասնավորապես նշեց․ «Քաղաքապետը խոսում է 2 միլիարդ դոլար ժողովրդի համար բերած անձանց ջինսով լինելու, հեռախոսով խոսելու մասին»։ Նա կոչ արեց ուշադրություն դարձնել Հայկ Մարությանի կազմակերպչական ունակություններին։
Արարատ Միրզոյանը մի քանի անգամ դիտողություն արեց Տիգրան Ուրիխանյանին, որ կոչնակի ձայնը հնչել է և նրա խոսելու ժամանակը ավարտվել է․ «Գրավե՞լ եք ամբիոնը, կոչնակը վաղուց հնչել է։ Մեկ էլ չեմ պատկերացնում, Ձեր պատկերացրած քաղաքապետը նստում է հանդիպման, դիմացինը խոսում է հեռախոսով, անընդհատ գնում է, գալի՞ս է նորից»։
Այնուհետև Ուրիխանյանը տեղից սկսեց հակադարձել ԱԺ նախագահին։
Մանրամասները՝ տեսանյութում
Հիշեցնենք, որ Հանրային հեռուստաընկերության եթերում Հայկ Մարությանն անդրադարձել է այս թեմային։
«Այո, հանդիպումը եղել է: Ուզում եմ ասել, որ պարոն Ծառուկյանն առաջին անգամը չէ, որ այդպիսի հայտարարություններ է անում և դրանց հետևը փաստեր չկան: Ինձ զանգեցին, ասացին, որ հանդիպենք, մենք համաձայնեցինք: Քննարկումը եղավ շատ պրոդուկտիվ, իրենք առաջարկում էին կառուցել հիվանդանոց և հյուրանոց: Հիվանդանոցը, որ պետք է իբր բարեգործական լինի, բացարձակ այդպիսի խոսակցություն չի եղել՝ զուտ բիզնես: Նրանք շեշտը դնում էին կենտրոնի վրա: Մենք իրենց բացատրեցինք, որ մեր կենտրոնը գերհագեցած է և գրեթե տեղ էլ չկա»,- ասել է Մարությանը:
Նրա խոսքով՝ թագաժառանգին առաջարկվել է կենտրոնից դուրս տարածք, առաջարկվել են նաև հավելյալ այլ ծրագրեր:
«Իրենք էլ համաձայնում են և հետաքրքիրն այն է, որ հանդիպման այդ հատվածում իրենց հեռախոսներին սկսեց զանգեր գալ, վերցնում անկաշկանդ խոսում ու դնում էին: Այդպես երեք զանգ. ես և պարոն Մեսչյանը համբերատար սպասում էինք, մինչև իրենք խոսում վերջացնում էին, հետո շարունակում էինք: Ես մի պահի հասկացա, որ գուցե նրանց էլ հետաքրքիր չէ, և գուցե մարդիկ տեղ են շտապում, ասացի որ հանդիպումը կարող ենք ավարտել, գուցե իրենք էլ ինչ-որ տեղ են շտապում՝ նշելով, որ կսպասենք իրենց արձագանքներին և կպատասխանենք իրենց բոլոր հարցերին: Մինչ օրս ոչ մի գրավոր, բանավոր դիմում, ոչ մի բան չի եղել: Մինչ օրս սպասում ենք և պատրաստակամ ենք անելու ամեն ինչ»,- ընդգծել է նա: