Բուհին տրված լիցենզիաները կգործեն մինչև 2021 թվականի հոկտեմբերի 31-ը ներառյալ

Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը հանրային քննարկման է ներկայացրել «Բարձրագույն կրթության և գիտության մասին» օրենքի նախագիծը:

Նախատեսվում է, որ կսահմանվեն բարձրագույն ուսումնական հաստատություններին և գիտական կազմակերպություններին պետական​​ աջակցության տրամադրման սկզբունքները և մեխանիզմները:

Մինչև օրենքի ուժի մեջ մտնելը բուհին տրված լիցենզիաները կգործեն մինչև 2021 թվականի հոկտեմբերի 31-ը ներառյալ և դրանց գործողությունը դադարում է 2021 թվականի նոյեմբերի 1-ից: Նոր լիցենզիաներ ստանալու կամ լիցենզիաները  վերաձևակերպելու համար բուհը պետք է դիմի մինչև 2021 թվականի սեպտեմբերի 1-ը։

Մինչև 2023 թվականի օգոստոսի 1-ը ինստիտուցիոնալ հավատարմագրում ունեցող, սակայն տվյալ կրթական ծրագրով ծրագրային հավատարմագրում չունեցող բուհերի կողմից տրամադրված դիպլոմները և շնորհված որակավորումները կճանաչվեն պետության կողմից:

Ներառյալ 2027 թվականի դեկտեմբերի 30-ը շնորհված գիտության թեկնածուի գիտական աստիճանը կպահպանի իր իրավաբանական ուժը:

Մասնավոր գիտական կազմակերպությունների նկատմամբ կիրառվում են տվյալ կազմակերպական-իրավական տեսակի իրավաբանական անձի գործունեությունը կարգավորող օրենքով և մասնավոր բուհի կանոնադրությամբ սահմանված նորմերը:

Մինչև օրենքն ուժի մեջ մտնելը ՀՀ կամ օտարերկրյա պետությունների ռազմաբժշկական բուհերում կամ ստորաբաժանումներում, ինչպես նաև պաշտպանության պետական կառավարման լիազորված մարմնի պատվերով բարձրագույն բժշկական կրթության ինտեգրված կամ համարժեք ծրագրով ուսուցում անցնող անձանց հետ կնքված պայմանագրերի համաձայն հետուսումնական ինտերնատուրայի կրթական ծրագրով ուսումնառությունն սույն օրենքն ուժի մեջ մտնելուց հետո ենթակա է իրականացման սահմանված կարգով։

Նախագծի հիմնավորման մեջ նշվում է, որ նախագիծը կկարգավորի և կհստակեցնի բարձրագույն կրթության և գիտության համակարգի իրավական, կազմակերպական և ֆինանսական հարցերի հետ կապված հարաբերությունները, ինպես նաև հնարավոր կդարձնի ոլորտը կանոնակարգող իրավական ակտերի համապատասխանեցումը միջազգային չափանիշներին և կնպաստի ՀՀ բարձրագույն կրթության և գիտության ոլորտի առաջընթացին ու դինամիկ զարգացմանը:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել