ՀՀ գլխավոր դատախազության պետական շահերի պաշտպանության վարչությունում շարունակվում են պետական մարմինների կողմից իրենց լիազորությունների շրջանակներում իրականացված վերահսկողության՝ դատախազություն ներկայացված արդյունքների ուսումնասիրությունները:
Այդ շրջանակներում ուսումնասիրվել է նաև Գեղարքունիքի մարզի Լճաշեն համայնքի վարչական տարածքում բերրի հողաշերտի հանման փաստի` ՀՀ բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնից ստացված փաստաթղթերը և տեղեկատվությունը:
Ուսումնասիրությամբ պարզվել է, որ տեսչական մարմնի Գեղարքունիքի տարածքային բաժնի աշխատակիցների կողմից իրականացված շրջայցի ընթացքում նշված համայնքի վարչական տարածքում՝ Սարատեղի տանող ճանապարհի հարևանությամբ, հայտնաբերվել են անհայտ անձանց կողմից կատարված ընդհանուր` մոտ 12.954 ք/մ մակերեսով տարածքի հողերի խախտման և 11.271 խմ սևահողի հանման դեպքեր։
«Հողային ռեսուրսների վրա տնտեսական գործունեության հետևանքով առաջացած ազդեցության գնահատման կարգը հաստատելու մասին» ՀՀ կառավարության 25.01.2005թ.-ի որոշման հիման վրա կատարված հաշվարկի համաձայն՝ արձանագրված վերոհիշյալ խախտումների՝ հողի դեգրադացիայի (հողի բերրի շերտի վնասման և ոչնչացման) հետևանքով պատճառվել է էական՝ մոտ 2մլն դրամի վնաս։
Նկատի ունենալով, որ ուսումնասիրությամբ տվյալներ են ձեռք բերվել Լճաշեն համայնքի վարչական տարածքում՝ հողը հանելու, տեղափոխելու, պահպանելու և օգտագործելու կանոնները խախտելու, հողը փչացնելու, շրջակա միջավայրին դիտավորությամբ կամ անզգուշությամբ էական վնաս պատճառելու առերևույթ հանցավոր արարքների հատկանիշների առկայության մասին, ՀՀ գլխավոր դատախազության պետական շահերի պաշտպանության վարչությունում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 290-րդ հոդվածի 1-ին մասով:
Քրեական գործի նախաքննության կատարումը հանձնարարվել է ՀՀ քննչական կոմիտեին:
Ծանուցում. ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: