ՀՀ կառավարության 2007թ. ընդունած որոշմամբ բնակավայրերում կահավորված կանգառի կետերի տարածքից երթևեկությունն սկսող ընդհանուր օգտագործման տրանսպորտային միջոցների վարորդներն ունեն երթևեկության առավելություն:
Այն, որ քաղաքում հասարակական տրանսպորտն արդեն տասնամյակներ շարունակ ունի լուրջ բարեփոխման խնդիր՝ հայտնի է բոլորին: Մինչև տարեվերջ վերջնականապես պարզ կլինի տրանսպորտային բարեփոխում իրականացնելու ֆինանսական աղբյուրների հարցը և մոտ ժամանակներս քաղաքապետարանը հանրությանը կներկայացնի տրանսպոտի խնդրում առկա լուծումներն ու ժամկետները:
Մինչ այդ, սակայն, անելիքներ կան նաև երթևեկության մասնակիցների կողմից հանրային տրանսպորտի ընկալման առումով:
«Հանրային տրանսպորտը առաջնայնություն ունեցող տրանսպորտային միջոց է, իսկ մեզ մոտ հիմա հակառակն է: Մեկ հոգի նստած է ղեկին, և ինքը երբեք չի տալիս ճանապարհ ավտոբուսին կամ տրոլեյբուսին, որը տեղափոխում է 35-40 ուղևոր: Այս մտածելակերպը պետք է փոխվի»,- նշում է քաղաքապետ Հայկ Մարությանը:
Երթուղայինների վարորդներն էլ իրենց հերթին պետք է խստագույնս պահպանեն ոչ միայն երթևեկության, այլև բարեվարքության կանոնները: Մայրաքաղաքի երթուղիներն սպասարկող տրանսպորտային ընկերությունների ներկայացուցիչների հետ հանդիպման ժամանակ հստակ պահանջներ դրվեցին:
«Որպես կանոն` հիմնականում վեճերը և անախորժությունները ծագում են հենց այս իրավիճակում: Եվ, ուրեմն, նորից կրկնում եմ. հասարակական վայրերում կահավորված կանգառի կետերից դուրս եկող ընդհանուր տրանսպորտային միջոցներին պետք է այլ վարորդները զիջեն»,- ասում է ՀՀ ոստիկանության Երևանի վարչության պետի տեղակալ Էդգար Պետրոսյանը:
«Եթե երաժշտության համար, ծխելու համար քաղաքացին դիտողություն է անում, ապա անմիջապես լինում են դեպքեր, որ նրան արձագանքում են՝ գիտեք ինչ, ես իմ մեքենայի մեջ եմ, ոնց կուզեմ՝ կանեմ. այս խնդիրների առնչությամբ շատ անելիք ունեք: Ձեր երթուղիներն սպասարկող վարորդներին պետք է բացատրեք, որ դա էլ է հասարակական միջավայր, և դուք պետք է ենթարկվեք ընդհանուր կանոններին»,- նշում է Երևանի քաղաքապետարանի տրանսպորտի վարչության պետի ժ/պ Էդգար Գալստյանը:
Տաքսիներով ու տրանսպորտային այլ միջոցներով շրջափակված կանգառներ, երթևեկության երկրորդ գծում կանգառող հասարակական տրանսպորտ, և հետիոտնի համար չնախատեսված վայրով անցնելու սովորություն: Քաղաքում հաճախ հանդիպող այս խնդիրները կարգավորվում են օրենքով՝ վարչական պատասխանատվության ենթարկելու միջոցով:
«Անընդհատ շրջում ենք, մոտենում ենք, արձանագրում, բայց միևնույն է՝ արդյունք չի լինում, նորից գալիս կանգնում են»,- ասում է ՃՈ մայրաքաղաքը սպասարկող 1-ին սպայական գումարտակի 4-րդ դասակի ավագ տեսուչ Արամ Լորսաբյանը:
«Այս իրավիճակն ստեղծվել է այն պատճառով է, որ մենք չունենք նորմալ գործող տրանսպորտային համակարգ, բայց, այնուամենայնիվ, ես էլ, այո, համաձայն եմ, որ ոստիկանությունը նույնպես պետք է այդ ուղղությամբ մեծ ջանքեր գործադրի, և մենք էլ առավելագույն արագությամբ պետք է ուղղակի այս տրանսպորտային բարեփոխումն իրականացնենք»,- ընդգծում է քաղաքապետը:
2019թ. հունվարի 1-ից նոյեմբերի 1-ը ընկած ժամանակահատվածում Երևանի քաղաքապետարանը և ՀՀ ոստիկանությունը արձանագրել են հասարակական տրանսպորտի վարորդների ծխելու 210, տրանսպորտային միջոցը չզիջելու 374 դեպք:
Տույժ ու տուգանքներից խուսափելու և հնարավորին անվտանգ երթևեկություն ապահովելու համար պարզապես հարկավոր է հարգել ու պահպանել երթևեկության կանոնները:
Դրանցից մեկն էլ ավտոմեքենաների անվադողերն օր առաջ ձմեռայիններով փոխարինելու պահանջն է: Ձմռանը տեղի ունեցող ավտովթարներն ու փողոցների խցանումների զգալի մասը տեղի են ունենում հենց այս պահանջը խախտելու հետևանքով: