«Դիլիջան ազգային պարկի» տնօրենը կրակել է շան վրա․ ահազանգ

«Դինգո թիմ» կենդանիների պաշտպանության հասարակական կազմակերպությունը ահազանգում է, որ «Դիլիջան ազգային պարկի» տնօրենը կրակել է Դիլիջանի «Գետափ»-ում բնակվող շան վրա։ Այս մասին տեղեկանում ենք «Դինգո թիմ»-ի ֆեյսբուքյան էջից։

«Այսօր, 4 ականտեսի աչքի առաջ Դիլիջանի «Գետափ»-ում կրակել են այնտեղ բնակվող շանը: Ահա թե ինչ է գրում ականատես Արփի Թագոյանը. «Քիչ առաջ Դիլիջանում Գետափ ռեստորանի տարածքում, որտեղ նստել էինք խաշ ուտելու իիենց առանձին քոթեջում….լսեցինք կրակոց ու շան կաղկանձ.. խեղճս մի կերպ փախավ մտավ առաջին պատահած մեքենայի տակ.. հետևից մի խումբ տղամարդիկ տիրի հրացանով վազեցին ու կրակեցին.. մենք էդ առաջին կրակոցից վազեինք դուրս, ամուսինս գոռաց հետևներից, որ ինչ են անում, որ կանգ առնեն. Բայց հնչեց երկրորդ կրակոցը. Ես ինչքան կոկորդումս ուժ ունեի գոռգոռոցս քցեցի, շատ հուզված էի..»:

Ականատեսները ահազանգել են ոստիկանություն: Սակայն սա առաջին դեպքը չէ, որ ոստիկանությունը տալիս է պատասխան, որ օրենքը դեռ ուժի մեջ չէ: Հարգելի Նաիրա Զոհրաբյան, խնդրում ենք այստեղ տվեք հստակ ինֆորմացիա արդյոք օրենքը գործում է այս պահին թե ոչ, քանի որ արդեն 3-րդ անգամն է, որ առնչվում ենք նման խնդրի հետ:

Նշենք, որ ռեստորանի սեփականատերը՝ Աղաջանյան Սուրիկը, ով ըստ ականատեսի, կրակել է շան վրա, նաև Դիլիջանի Ազգային Պարկի տնօրենն է:

Խնդրում ենք հնարավորինս տարածել գրառումը!

Թարմացում: քիչ առաջ խոսեցինք Դիլիջանի ոստիկանության պետի տեղակալ Գևորգյանի հետ և ստացանք մի ֆանտաստիկ պատասխան. «Հա, դե եթե իրա սեփական անասուննա եղել, ինչ կա դրա մեջ»:

ՆՇԵՆՔ, որ անկախ նրանից կենդանին սեփական է թե պետական, կենդանիների նկատմամբ դաժան վերաբերմունքը արգելվում է օրենքով և նախատեսում համապատասխան պատիժ և օրենքի մեջ որևէ կերպ չի մասնավորեցվում կենդանու սեփական կամ ոչ սեփական լինելը»:

Հիշեցնենք, որ կենդանիների հանդեպ դաժան վերաբերմունքը քրեականացվել է։ Ազգային ժողովը հոկտեմբերի 23-ի հերթական նիստի ժամանակ  երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունեց Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքում լրացում կատարելու մասին օրենքի նախագիծը:

Նախագծին կողմ քվեարկեցին 99 պատգամավոր, դեմ՝ 4-ը:

Նախատեսվել է, որ կենդանիների նկատմամբ դաժան վերաբերմունքը, այն է՝ կենդանու կյանքի ընդհատումը խեղդելու, կախելու, մասնատման, ուժեղ հարվածի, մտրակելու, հրազենով կրակելու միջոցով, կենդանու կյանքի ընդհատումը թունավորման կամ այնպիսի նյութի ներարկման միջոցով, որը հանգեցնում է դաժան կամ ցավոտ մահվան, ողջ վիճակում կենդանու մաշկահանումը, անդամահատումը կամ դիազերծումը, ողջ վիճակում կենդանուն կրակի վրա նետելը, բարձրությունից կամ փոխադրամիջոցներից նետելը, կենդանիների մարտերի կազմակերպումը և իրականացումը, ինչպես նաեւ կենդանիների նկատմամբ սահմանված կարգի խախտմամբ գիտաուսումնական փորձարկումների իրականացումը եւ այլ դաժան վերաբերմունքը՝ պատժվում է տուգանքով՝ 100-300 հազար դրամի չափով, կամ կալանքով՝ 1-3 ամիս ժամկետով, կամ ազատազրկմամբ՝ առավելագույնը մեկ տարի ժամկետով:

Նույն արարքը, որը կատարվել է՝
1) մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ,
2) առանձին դաժանությամբ,
3) մանկահասակի ներկայությամբ,
4) երկու կամ ավելի կենդանիների նկատմամբ՝ պատժվում է տուգանքով՝ 300․000 – 500․000 դրամի չափով, կամ ազատազրկմամբ՝ 1-3 տարի ժամկետով։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել