Երևանի քաղաքապետի մամուլի խոսնակ Հակոբ Կարապետյանը, ֆեյսբուքյան իր էջում պատասխանել է ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանի հայտարարությանը․
«ԱԺ ԼՀԿ խմբակցության լիդեր Էդմոն Մարուքյանը շաբաթ օրը առավոտ կանուխ «սենսացիոն հայտարարություն» է արել՝ իբր բացահայտելով, թե քաղաքապետ Մարությանը Գագիկ Խաչատրյանի ընտանիքի հետ կապակցված ընկերությանը լրացուցիչ հինգ հարկ կառուցելու թույլտվություն է տվել՝ քաղաքին տված նվերի դիմաց:
Երբ փաստաթղթերի ու խրթին ընթացակարգերի մեջ խճճվում են սկսնակ լրագրողները, ես չեմ զարմանում. պատահում է, փորձի հետ ամեն ինչ տեղը կընկնի: Երբ փաստերի մանիպուլյացիայով զբաղվում են տաբլոիդները, կրկին կարելի է հասկանալ՝ տաբլոիդները գոյություն ունեն հենց նրա համար, որ սովորական փաստերից սենսացիաներ ստեղծեն: Բայց փորձված իրավաբանից ու դասական քաղաքական գործչից ակնկալվում է, որ նա առնվազն հարգի իր «պուբլիկան» և ավելի ուշադիր լինի փաստերի ինտերպրետացիայի հարցում:
Այսպես. արդեն հայտնել ենք, որ Տերյան 5 հասցեում բազմահարկ կառուցապատման նախագծային թույլտվություն տվել է քաղաքապետ Տարոն Մարգարյանը՝ 2017-ի նոյեմբերի 24-ին: Ըստ այդ նախագծի, թույլատրվում է կառուցել 75,4 մետր բարձրության կառույց, ինչը համապատասխանում է 22-23 հարկին:
Նախագծման թույլտվության մեջ, ՈՒՇԱԴԻՐ, նշված է, որ 11-րդ հարկի կառուցումից հետո, կախված շենքի փաստացի ընկալման արդյունքից, հնարավոր են փոփոխություններ նախագծում և թույլտվության մեջ: Սա, իհարկե, չի նշանակում, որ 11-րդ հարկից հետո նոր շինթույլտվություն կարելի էր պարզապես չտալ։ Նախագծում որևէ փոփոխություն պետք է հիմնավորված լինի, այլապես, ըստ 2017-ի նոյեմբերի 24-ի թույլտվության, պետք է տրվի 75,4 մետրի (մինչև 22-23 հարկի) կառուցման թույլտվությունը։ Եվ նույն այդ նախագծային թույլտվության հիման վրա տրվել է հաջորդ հինգ հարկերի կառուցման թույլտվությունը: 16 հարկ կառուցելուց հետո ճարտարապետները կրկին կգնահատեն շինարարության շարունակման հարցը՝ միչեւ ՆՆԱ-ով տրված նիշին հասնելը:
Սրա մասին, ի դեպ, ես խոսել եմ երեկ Լուրեր-ի «Բաց հարթակի» տաղավարում, և սրա մասին գիտի ոլորտի ցանկացած մասնագետ Արժե կոնսուլտացիա վերցնել մասնագետների՝ ստատուսներ գրելուց առաջ:
Սա՝ փաստաթղթերը կարդալու կարևորության մասով:
Պարոն ՄարուՔյանը իր զրպարտագրի տակ տեղադրել է նաև մի լուսանկար, որտեղ պատկերված է քաղաքապետ Մարությանը՝ ֆինանսների նախկին նախարար Գագիկ Խաչատրյանի երկու որդիների՝ Արամի և Գուրգենի հետ, «Մարիոթ» ընկերության կազմակերպած մի միջոցառման ժամանակ (Տերյան 5 հասցեում կառուցվող շենքը նախատեսվում է դարձնել «Մարիոթ»):
Արամ և Գուրգեն Խաչատրյանները, ի դեպ, նաև «Գալաքսի» ընկերությունների խմբի համահիմնադիրները և/կամ բաժնետերերն են: Այս խմբի մեջ են մտնում մի շարք ընկերություններ՝ սկսած բջջային օպերատորից, մինչև առևտրի կենտրոններ, խաղալիքի խանութ և այլն: Եվ եթե օրինակ, Անի Սամսոնյանին տեսնեք «Յուքոմ»-ի գրասենյակում, Դավիթ Խաժակյանին՝ MegaToys-ում, իսկ Գևորգ Գորգիսյանին՝ Captain Kid-ում, հանկարծ չմտածեք, թե գործնական այցով են այնտեղ, նրանք հաստատ կոռուպցիոն գործարքի մեջ են կալանավայրում գտնվող Գագիկ Խաչատրյանի հետ:
Նույն տրամաբանության մեջ, եթե Էդմոն Մարուքյանը հայտնվում է մեկ դաշնակցականի, երկու ՀՀԿականի ու մեկ երբեմնի ՕԵԿ-ականի հետ մի լուսանկարում, ապա հազարումի բան կարելի է մտածել»,- ասվում է պատասխանի մեջ։