Կառավարությունը որոշել է գումար հատկացնել Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմին՝ Տավուշում մարզային ստորաբաժանման ստեղծմամբ պայմանավորված: Հիմնավորման համաձայն՝ «Մարդու իրավունքների պաշտպանի մասին» սահմանադրական օրենքով Պաշտպանին վերապահվել են նոր գործառույթներ: Արդյունքում՝ էականորեն աճել է նաև Պաշտպանին ներկայացվող դիմում-բողոքների թիվը։ Վերջին տարիներին զգալի աճել է նաև Տավուշի մարզից ՀՀ մարդու իրավունքների պաշտպանին հասցեագրվող դիմում-բողոքների թիվը: Որոշման ընդունման արդյունքում՝ Տավուշի մարզի և հատկապես մարզի սահմանամերձ համայնքների բնակիչների համար առավել հասանելի և մատչելի կդառնան Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի կողմից տրամադրվող ծառայությունները։
Տիգրան Ավինյանը, անդրադառնալով ընդունված որոշմանը, նշել է, որ մարդու իրավունքների պաշտպանությունը գտնվում է կառավարության աջնահերթությունների և գերակայությունների ցանկում:
ՀՀ փրկարար ծառայողներին փրկարար ծառայության առանձնահատուկ պայմանների համար տրվող հավելումների չափերի փոփոխմամբ (ավելացմամբ) պայմանավորված` գործադիրը փոփոխություններ և լրացումներ է կատարել նախկինում ընդունած որոշումներից մեկում: Որոշման ընդունմամբ ՀՀ 2019 թ. պետբյուջեում կառաջանա 475 747.6 հազար դրամի ծախս:
Գործադիրն ընդունել է որոշում, որով կապահովվի հարկ վճարողների կողմից ակցիզային դրոշմանիշերի պահանջվող քանակների ավելացման պատճառով պետական եկամուտների կոմիտեի կողմից լրացուցիչ քանակների տրամադրումը: Հիմնավորման համաձայն՝ 2020 թ.-ին ակցիզային դրոշմանիշերի ձեռքբերման գործընթացն իրականացնելու համար անհրաժեշտ է առնվազն 3-4 ամիս ժամանակ, ուստի անհրաժեշտություն է առաջացել ձեռք բերելու լրացուցիչ 4 միլիոն հատ ակցիզային դրոշմանիշ: Նշված չափաքանակի համար կպահանջվի շուրջ 37,44 մլն դրամ, որն առաջարկվում է ապահովել ՀՀ ՊԵԿ-ի գծով ՀՀ 2019 թ. պետբյուջեով նախատեսված ծախսային ծրագրերի վերաբաշխման միջոցով: