Շրջակա միջավայրի նախարարության Անտառային կոմիտեի «Հայանտառ» ՊՈԱԿ-ի Հրազդանի անտառտնտեսության մասնաճյուղի Երևանի անտառային հողերի կառավարման տեղամասի Երևանի անտառպետության (Նորքի անտառներ) 45 հեկտար տարածքում կաթիլային ոռոգման համակարգի ներդրման նախագծանախահաշվային փաստաթղթերի ձեռք բերման անհրաժեշտությամբ պայմանավորված՝ կառավարությունն ընդունել է համապատասխան որոշում: Հիմնավորման համաձայն՝ Երևանի անտառպետության 56 հա-ից ծառապատվել է 45 հա-ն, ինչը դեռևս անտառի շարք չի փոխանցվել։ Ներկայումս իրականացվող ոռոգման արդյունավետությունը բավական ցածր է՝ հաշվի առնելով, որ ջուրը հոսում է ոչ նպատակային՝ ելնելով հողի շերտի կառուցվածքից։
Արդյունքում՝ ծառերը չեն ստանում աճի համար անհրաժեշտ քանակությամբ ջուր։ Կաթիլային ոռոգման համակարգի ներդնումը հնարավորություն կտա ապահովել յուրաքանչյուր ծառի համար անհրաժեշտ քանակությամբ ջրով սնուցում։ Նախնական գնահատմամբ, նշված տարածքում կաթիլային ոռոգման համակարգի ներդրման համար անհրաժեշտ է մոտ 120 մլն դրամ գումար։ Ըստ այդմ՝ նախատեսվում է 6 մլն դրամ հատկացնել նախարարության անտառային կոմիտեին այդ տարածքում կաթիլային ոռոգման համակարգի ներդրման նախագծանախահաշվային փաստաթղթերի կազմման նպատակով: