Արտակարգ իրավիճակների նախարարությունը հանրային քննարկման է ներկայացրել աղետների ռիսկի կառավարման և բնակչության պաշտպանության մասին օրենքի նախագիծը:
Օրենքը կսահմանի աղետների ռիսկի կառավարման (աղետների ռիսկի նվազեցման, արձագանքման, վաղ վերականգնման, հետաղետային վերականգնման) գործընթացը և հիմքերը, արտակարգ իրավիճակներում բնակչության պաշտպանության, արտակարգ իրավիճակ հայտարարելու հիմքերը, պայմաններն ու կարգը,արտակարգ իրավիճակի իրավական ռեժիմի սահմանման հիմքերը և ՀՀ կառավարության, պետական կառավարման համակարգի, տեղական ինքնակառավարման մարմինների, կազմակերպությունների իրավասությունները, ՀՀ քաղաքացիների, օտարերկրյա քաղաքացիների, քաղաքացիություն չունեցող անձանց իրավունքներն ու պարտականությունները:
Արտակարգ իրավիճակների սպառնալիքի կամ առաջացման դեպքում Վարչապետը կիրականացնի բնակչության պաշտպանության ընդհանուր ղեկավարումը ՀՀ ամբողջ տարածքում և կարող է հայտարարել արտակարգ իրավիճակ:
Անհրաժեշտության դեպքերում լիազոր մարմնի ղեկավարի առաջարկությամբ կկայացնի որոշում զինված ուժերի, այլ զորքերի և զինվորական ստորաբաժանումների` արտակարգ իրավիճակների հետևանքների վերացման աշխատանքներին ներգրավման վերաբերյալ:
Օրենքի նախագծով Արտակարգ իրավիճակների ընթացքում առավել խոցելի խմբերն են՝ հղիները, կերակրող մայրերը, երեխաները, տարեցները, հաշմանդամություն ունեցող անձինք և հատուկ կարիքներ ունեցող անձինք (մանկատան երեխաներ, ծերանոցի բնակիչներ, հոգեկան առողջության պահպանման հաստատություններում բուժվող հիվանդներ, փախստականներ և այլն):
Արտակարգ իրավիճակներում ՀՀ բնակչության պաշտպանության ամբողջ ընթացքի կառավարման կազմակերպման, մարդասիրական օգնության ընդունման և համակարգման գործընթացների և բնակչության պաշտպանության միջոցառումների իրականացման համար նախապես կստեղծվեն՝ արտակարգ իրավիճակների հանձնաժողովներ, աղետի հետևանքների վերացման կառավարման ու ազգային աջակցման մարմիններ՝ հանրապետական, մարզային և համայնքային մակարդակներում, որոնց կառուցվածքը, գործառույթները և անհրաժեշտ գործողությունների ընթացակարգերը կսահմանվի կառավարության կողմից:
Նախագծի հիմնավորման մեջ նշվում է, որ նախագծի ընդունման արդյունքում ակնկալվում է կատարելագործել աղետների ռիսկի կառավարման ոլորտի իրավական դաշտը նաև սահմանվում են նոր հասկացություններ, որոնք առկա չեն «Արտակարգ իրավիճակներում բնակչության պաշտպանության մասին» ՀՀ գործող օրենքում: