42-ամյա տղամարդը ավտոմեքենայով դիտավորությամբ հարվածել է ոստիկանների ավտոմեքենայի հետնամասին․ նա ձերբակալված է

ՀՀ քննչական կոմիտեի Սյունիքի մարզային քննչական վարչությունում քննություն է տարվում՝ պարզելու իշխանության ներկայացուցչի նկատմամբ Վայոց Ձորի մարզի բնակչի կողմից բռնություն գործադրելու դեպքի բոլոր հանգամանքները: Վերջինս ձերբակալվել է:

Այս մասին տեղեկանում ենք Քննչական կոմիտեից։

Նախնական տվյալներով՝ 2019թ. նոյեմբերի 26-ին՝ ժամը 19:00-ի սահմաններում, Սյունիքի մարզի Շինուհայրի խաչմերուկ կոչվող տեղանքում ՀՀ ոստիկանության Գորիսի բաժնի ՀՈ բաժանմունքի երկու տեսուչ, ապօրինի վառելափայտ տեղափոխելու կասկածանքով, կանգնեցրել են «Զիլ» մակնիշի բեռնատար ավտոմեքենան: Նշված ավտոմեքենայի վարորդը բեռի օրինականությունը ստուգելու նպատակով իշխանության ներկայացուցչի՝ ոստիկանության բաժին ներկայանալու օրինական պահանջը չի կատարել և դիմել է փախուստի:

Այնուհետև տեսուչի կանչով օգնության եկած նույն բաժնի ՊՊԾ դասակի ոստիկանները և ճանապարհային ոստիկանության ծառայողները, փարոսիկներ և ազդանշաներ տալով, փորձել են կանգնեցնել «Զիլ» մակնիշի բեռնատար ավտոմեքենան, սակայն նշված մեքենայի վարորդը, չենթարկվելով իշխանության ներկայացուցիչների՝ վտանգավոր երթևեկությունը դադարեցնելու օրինական պահանջներին, ավտոմեքենան վարելով Սիսիան քաղաքի ուղղությամբ՝ ավտոմեքենայով դիտավորությամբ հարվածել է ոստիկանների ավտոմեքենայի հետնամասին՝ այն դուրս հանելով ճանապարհի երթևեկելի մասից, իսկ բեռնատար ավտոմեքենան հարկադրաբար կանգնեցվել է Սիսիան քաղաքից ընդառաջ եկած ՃՈ աշխատակիցների օժանդակությամբ:

Դեպքի առթիվ Սյունիքի մարզի դատախազությունում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 316-րդ հոդվածի 1-ին մասով և 326-րդ հոդվածով, որով նախաքննությունը կատարվում է ՀՀ ՔԿ Սյունիքի մարզային քննչական վարչության Գորիսի քննչական բաժնում:

Բեռնատար ավտոմեքենայի վարորդը ձերբակալվել է և հարցաքննվել: Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն, կատարվում են անհրաժեշտ քննչական գործողություններ՝ դեպքի բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ քննությունն ապահովելու ուղղությամբ:

Նախաքննությունը շարունակվում է:

ԾանուցումԵնթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղքանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգովդատարանիօրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել