Սիսիանի 4-րդ կարգի վթարային Ֆիզկուլտուրնիկների 6 շենքի խնդիրը գրեթե երեք տասնամյակ է գլխավորում է քաղաքի առաջնային հիմնախնդիրների ցանկը: Համայնքային և մարզային իշխանությունների, ինչպես նաև բնակիչների կողմից տարբեր ժամանակներում տասնյակ խնդրանք-դիմումներ են ուղղվել կառավարությանը, սակայն հարցը այդպես էլ լուծում չի ստացել, բազմապատկվել են միայն շենքի ճեղքերն ու բնակիչների վրդովմունքը:
Այս մասին տեղեկացնում են Սյունիքի մարզպետարանից:
Սայլը տեղից շարժվել է նոր կառավարության նախաձեռնությամբ, մշակվել է ՀՀ կառավարության 2018 թվականի դեկտեմբերի 27-ի 1515-Ն որոշման լրամշակված նախագիծ, համաձայն որի Սիսիանի ֆիզկուլտուրնիկների 6 և Կապանի Շինարարների 20 վթարային քանդման ենթակա շենքերի թվով 109 ընտանիքներին, որպես բնակարանային պայմանների բարելավման համար ֆինանսական աջակցություն, 2019 թվականին կհատկացվի 615 մլն 342 հազ դրամ:
ֆիզկուլտուրնիկների 6 շենքի բնակիչների կարծիքն իմանալու նպատակով նոյեմբերի 25-ին Սիսիանի մշակույթի կենտրոնի դահլիճում կազմակերպվել էր հանրային քննարկում, կառավարության կողմից առաջարկվող պայմանները ներկայացրեցին Սիսիանի համայնքի ղեկավար Արթուր Սարգսյանը, Սյունիքի մարզպետի տեղակալ Նարեկ Բաբայանը և մարզպետարանի քաղաքաշինության վարչության բնակարանային և ենթակառուցվածքների գործունեության բաժնի պետ Էդուարդ Միրզոյանը:
Նախագիծը կառավարության կողմից կընդունվի միայն բնակիչների համաձայնության դեպքում, գործընթացը կիրականացվի շենքերի բնակիչների և Սյունիքի մարզպետի միջև ՀՀ օրենսդրության համաձայն կնքված համապատասխան աջակցության պայմանագրերի համաձայն:
Տրամադրվող ֆինանսական աջակցության չափի հաշվարկման ժամանակ հիմք է ընդունվել Սիսիան և Կապան քաղաքներում բազմաբնակարան շենքերի բնակարանների ընդհանուր մակերեսի մեկ քառ. մետրի 2019 թվականի ապրիլ ամսվա ընթացքում ձևավորված շուկայական գինը:
Համապատասխանաբար.
1 սենյակի դեպքում՝ 3 միլիոն 834 հազ դրամ
2 սենյակի դեպքում՝ 4միլիոն 686 հազ. դրամ
3 սենյակի դեպքում՝ 5 միլիոն 538 հազ.դրամ
4 սենյակի դեպքում 6միլիոն 390 հազ. դրամ
Քննարկումը բուռն էր, կարծիքները՝ հակասական: Ոմանք կողմ էին, ոմանք՝ դեմ, առարկություն ունեին հատկապես 3-4 սենյականոց բնակարաններ ունեցողները, նրանք լիարժեք փոխհատուցում էին ակնկալում:
Նարեկ Բաբայանի խոսքով, եթե անգամ մեկ ընտանիք հրաժարվի ֆինանսական աջակցությունից, մնացածը ևս աջակցություն չեն ստանա, նախագիծը գուցե չեղարկվի:
Բնակիչներին մինչև դեկտեմբերի մեկը ժամանակ տրվեց մտածել, հարազատների հետ քննարկել և ընդհանուր եզրահանգման գալ, որից հետո, ըստ ընթացակարգի, նրանց որոշումը մարզետարանը կներկայացնի կառավարություն: Դրական պատասխանի դեպքում, աջակցության տրամադրման մասին պայմանագրեր կնքելուց հետո, երկամսյա ժամկետում կիրականացվեն շենքի քանդման աշխատանքները, բացասական պատասխանի դեպքում գուցե որոշումը վերանայվի, իսկ գուցե խնդիրը այդպես էլ մնա չլուծված: