ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը հանրային քննարկման է ներկայացրել «Հայաստանի Հանրապետության էլեկտրաէներգետիկական մանրածախ շուկայի կանոնների» և «Էլեկտրաէներգետիկական մանրածախ շուկայի պայմանագրերի օրինակելի ձևերը սահմանելու և Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի 2017 թվականի մայիսի 31-ի №218Ն որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին» որոշումների նախագծերը:
Նախագծի հիմնավորման մեջ նշվում է, որ որոշման նախագծի ընդունմամբ կհստակեցվեն մանրածախ շուկայում էլեկտրական էներգիայի առևտրային հարաբերությունները, որը հնարավորություն կընձեռի սպառողներին ընտրելու էլեկտրական էներգիայի իրենց նախընտրած մատակարարին։
Նախագծով նախատեսվում է սահմանել՝ սպառման համակարգն էլեկտրական ցանցին միացման, էլեկտրական էներգիայի բաշխման և էլեկտրական էներգիայի երաշխավորված մատակարարման մասին, էլեկտրական էներգիայի բաշխման ծառայության մատուցման և էլեկտրական էներգիայի իերաշխավորված մատակարարման (հրապարակային օֆերտա) պայմանագրի, կառուցվող բազմաբնակարան շենքի կամ կառուցապատվող թաղամասի սպառման համակարգն էլեկտրական ցանցին միացման պայմանագրի օրինակելի ձևերը:
Նախատեսվում է հաստատել նաև ՀՀ էլեկտրաէներգետիկական մանրածախ շուկայի առևտրային կանոնները: