Մենք դատապարտում ենք ներքաղաքական խնդիրների հասցեագրման նպատակով ԼՂ հակամարտությանն առնչվող հարցերի, մասնավորապես՝ Սումգայիթում տեղի ունեցած ողբերգության շահարկումը: Այս մասին հայտարարել է ԱԳՆ մամուլի խոսնակ Աննա Նաղդալյանը։
«Սումգայիթյան ջարդերը լավագույնս փաստագրված են, և Ադրբեջանի կողմից փաստերի խեղաթյուրումը ժխտողականության վտանգավոր դրսևորում է, որը հրահրում է հայերի նկատմամբ ատելություն և ցեղասպան միտումներ: Բաքվում, Կիրովաբադում, Մարաղայում, Թալիշում և այլուր հայերի նկատմամբ իրականացված ոճրագործությունները, էթնիկ զտումները և զանգվածային ջարդերի չդատապարտումը ու ավելին՝ դրանց արդարացումը, Ադրբեջանի իշխանությունների կողմից խրախուսվող հակահայկական հռետորաբանությունը, Ռամիլ Սաֆարովի և հայերի սպանելու համար այլ մարդասպանների հերոսացումը. այս ամենը խաթարում է վստահության ձևավորումը և վնասում խաղաղ գործընթացին»,-նշել է նա:
Նշենք, որ Ադրբեջանի նախագահը Սումգայիթ քաղաքի 70-ամյակին նվիրված միջոցառմանը հանդես է եկել ընդարձակ ելույթով, որտեղ անդրադարձ է կատարել ԼՂ հակամարտությանն առնչվող հարցերին, մասնավորապես՝ Սումգայիթում տեղի ունեցած հակահայկական ջարդերին:
Ադրբեջանի նախագահը նաև բացահայտել է խորհրդային շրջանում ԼՂ-ում ժողովրդագրական պատկերը փոխելու հետևողական քաղաքականության առկայությունը և ափսոսանքով է խոսել այդ քաղաքականության ոչ լիակատար իրագործման կապակցությամբ: