Հանցանք կատարած անձին հանձնելը (էքստրադիցիա)

Այլ պետության տարածքում հանցանք կատարած Հայաստանի Հանրապետության քաղաքացիներն այլ պետության չեն հանձնվում:

 

Հայաստանի Հանրապետության տարածքից դուրս հանցանք կատարած և Հայաստանի Հանրապետությունում գտնվող օտարերկրյա քաղաքացիները և քաղաքացիություն չունեցող անձինք, Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրին համապատասխան, կարող են հանձնվել օտարերկրյա պետությանը՝ քրեական պատասխանատվության ենթարկելու կամ պատիժը կրելու համար: Նշված անձինք օտարերկրյա պետությանը չեն հանձնվում, եթե հիմնավոր պատճառներ կան ենթադրելու, որ հանձնումը պահանջվել է նրանց ռասայական, կրոնական, ազգային, որոշակի սոցիալական խմբի պատկանելության կամ քաղաքական կարծիքի պատճառով հետաքննության կամ պատժի կիրառման համար:

 

Ոչ ոք չպետք է հանձնվի օտարերկրյա այն պետությանը, որտեղ լուրջ վտանգ կա, որ նրան կարող են սպառնալ խոշտանգումներ կամ անմարդկային կամ նվաստացուցիչ վերաբերմունք կամ պատիժ:

 

Եթե հանցանք կատարած անձանց հանձնելը պահանջող երկրի օրենքներով տվյալ հանցագործության համար մահապատիժ է նախատեսված, ապա հանցանք կատարած անձանց հանձնումը կարող է մերժվել, եթե պահանջող կողմը պահանջ ստացող կողմին բավարարող երաշխիքներ չներկայացնի, որ մահվան դատավճիռ ի կատար չի ածվի:

 

Հանցանք կատարած անձին հանձնելուց հրաժարվելու դեպքում օտարերկրյա պետության տարածքում կատարված հանցագործությունների համար քրեական հետապնդում է իրականացվում Հայաստանի Հանրապետության օրենսդրությանը համապատասխան:

 

Աղբյուրը` Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել