Սահմանամերձ բնակավայրերում վարձու աշխատող գրանցված անձանց եկամտային հարկը հարկման բազայի նկատմամբ կսահմանվի 10 տոկոս. նախագիծ

Ազգային Ժողովի պատգամավոր Հայկ Սարգսյանը առաջարկում է ՀՀ Հարկային օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին նախագիծ է ներկայացրել:

Նախատեսվում է, որ ՀՀ կառավարության հաստատած ցանկում ներառված, հարկերից ազատված սահմանամերձ բնակավայրերի վարչական սահմաններում գործող և արտահանմամբ զբաղվող կազմակերպությունում, անհատ ձեռնարկատիրոջ մոտ, որպես վարձու աշխատող գրանցված անձանց եկամտային հարկը հարկման բազայի նկատմամբ սահմանել 10 տոկոս:

Նախագծի հիմանվորման մեջ նշվում է, որ մինչ այժմ ստեղծված ձեռնարկություններում հիմնականում աշխատավարձը կազմում է մինչեւ 150,000 դրամ:Այն տնտեսական ակտիվությունը, որը կառաջանա տարածաշրջանում և մասնավորապես սահմանամերձ գյուղերում, անհամեմատ ավելի մեծ պետք է լինի տնտեսության ազդեցության տեսանկյունից, քան այն ֆինանսական պայմանական կորուստները, որոնք կունենանք այս օրենսդրական նախաձեռնության իրականացումից հետո:

Նախագծով նպատակ է դրվում մարտական գործողությունների հետեւանքով չօգտագործվող հողատարածքներ ունեցող սահմանամերձ բնակավայրերում գործող, արտահանմամբ զբաղվող տնտեսվարողների մոտ աշխատանքային պայմանագրի հիմքով աշխատող անձանց եկամտային հարկը հարկման բազայի նկատմամբ սահմանել 10 տոկոս, ինչը կբերի տվյալ ձեռնարկություններում աշխատող անձանց աշխատավարձերի բարձրացման, այդ ձեռնարկություններում աշխատելը կդարձնի էլ ավելի եկամտաբեր՝ միաժամանակ ազդելով արտադրողականության աճի և որակի բարձրացման վրա,  արդյունքում սահմանամերձ բնակավայրերում ապրող մեր հայրենակիցները սահմանապահի իրենց առաքելությունը կիրականացնեն առանց իրենց բնակավայրերը լքելու՝ ստանալով համեմատաբար ավելի բարձր եկամուտներ:

 

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել