Սյունիքի նախկին մարզպետ, Հատուկ քննչական ծառայությունում քննվող քրեական գործով որպես մեղադրյալ ներգրավված Սուրիկ Խաչատրյանի մոտ ախտորոշված հիվանդությունները խոչընդոտ չեն հանդիսանում Հայաստանի Հանրապետություն տեղափոխման համար: Այս մասին լրագրողների հետ զրույցում հայտարարեց ՀՔԾ պետ Սասուն Խաչատրյանը։
Նա նաև նշել է, որ վերջինիս նկատմամբ հետախուզում է հայտարարված, նրա փաստաբանը վերադարձի ժամկետներ չի նշել։
Խոսելով նախկին գլխավոր դատախազ Գևորգ Կոստնյանին առաջադրված մեղադրանքի մասին Սասուն Խաչատրյանը նշեց, որ պետք է սպասել։
«Եկեք 48 ժամ սպասենք, տեսնենք ինչ կլինի։ Ես հիմա չեմ ցանկանում ապացույցները հատ-հատ ներկայացնել։ Սպասենք տեսնենք, նա մինչև այս գործով որպես վկա է հարցաքննվել»,-նշեց ՀՔԾ պետը։
Ավելի վաղ հայտնել ենք, որ նախկին գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանին որպես մեղադրյալ ներգրավելու որոշում է կայացվել։
Քրեական դատավարության օրենսգրքի 203-րդ հոդվածի 1-ին մասի կարգով նրան առաջարկվել է 48 ժամվա ընթացքում ներկայանալ վարույթն իրականացնող մարմին՝ մեղադրանք առաջադրելու համար։