Առաջարկվում է մտավոր սեփականության օբյեկտներ հանդիսացող ապրանքների ներմուծման գործընթացի  դատարան ներկայացվող հայցերն ընդգրկել հատուկ հայցային վարույթների ցանկում

Արդարադատության նախարարությունը հանրային քննարկման է ներկայացրել ՀՀ Քաղաքացիական դատավարության օրենսգրքում լրացումներ կատարելու մասին նախագիծը:

Նախագծով նախատեսվում է, որ դատարանը հատուկ հայցային վարույթի կարգով մտավոր սեփականության օբյեկտներ հանդիսացող կամ պարունակող  ապրանքների ներմուծման գործընթացի վերաբերյալ կքննի մտավոր սեփականության օբյեկտի ապօրինի օգտագործումը դադարեցնելու նպատակով մաքսային մարմինների կողմից ապրանքների բաց թողնումը կասեցնելու վերաբերյալ գործերը։

Մտավոր սեփականության օբյեկտներ հանդիսացող կամ պարունակող ապրանքների ապօրինի օգտագործումը դադարեցնելու նպատակով մաքսային մարմինների կողմից ապրանքների բաց թողնումը կասեցնելու վերաբերյալ գործերը առաջին ատյանի դատարանում կքննվեն և կլուծվեն հայցադիմումը վարույթ ընդունելուց հետո՝ երեք ամսվա ընթացքում:

Մտավոր սեփականության օբյեկտներ հանդիսացող կամ պարունակող  ապրանքների ներմուծման գործընթացի վերաբերյալ գործերով, երբ առկա է մաքսային մարմինների կողմից ապրանքների բաց թողնումը կասեցնելու որոշումը երկարաձգելու միջնորդություն, դատարանը, եռօրյա ժամկետում կկայացնի հայցադիմումը վարույթ ընդունելու մասին որոշում։

Հայցադիմումը վարույթ ընդունելու հետ մեկտեղ դատարանը հայցվորի միջնորդությամբ կորոշի նաև մտավոր սեփականության օբյեկտներ հանդիսացող կամ պարունակող ապրանքների ներմուծման բաց թողնումը մաքսային մարմինների կողմից ժամանակավորապես` մինչև գործով վերջնական դատական ակտի կայացումը կասեցնելու հարցը:

Պատասխանողի շահերի ապահովման անհրաժեշտությունից ելնելով՝ դատարանն իր նախաձեռնությամբ մտավոր սեփականության օբյեկտներ հանդիսացող կամ պարունակող ապրանքների բաց թողնումը մաքսային մարմինների կողմից կասեցնելու վերաբերյալ հայցադիմումը վարույթ ընդունելու հետ մեկտեղ որոշում  կկայացնի կասեցված ապրանքների մաքսային արժեքի հինգ տոկոսի չափով ապահովված գումարը պետական գանձապետական հաշվից դատարանի դեպոզիտ փոխանցելու մասին։

Պատասխանողը հայցադիմումի պատասխանը կներկայացնի հայցադիմումը վարույթ ընդունելու մասին որոշումը ստանալուց հետո՝ յոթնօրյա ժամկետում:

Նախագծի հիմնավորման մեջ նշվում է, որ նախագծով առաջարկվող ՀՀ ներմուծվող մտավոր սեփականության օբյեկտներ հանդիսացող կամ պարունակող  ապրանքների ներմուծման գործընթացի հետ կապված դատարան ներկայացվող հայցերն ընդգրկել հատուկ հայցային վարույթների ցանկում և դրանց շրջանակներում դատարանի կողմից գործողությունների կատարման համար սեղմ ժամկետներ սահմանելը հնարավորություն կտա իրավատերերին լիարժեք իրացնել իրենց իրավունքների դատական պաշտպանության հնարավորությունը։

Հաշվի առնելով այն, որ մտավոր սեփականությունն անկյունաքարային դեր ունի գրեթե յուրաքանչյուր բիզնեսի համար, և մտավոր սեփականության իրավունքների պատշաճ պաշտպանության ապահովումը էական նշանակություն ունի բիզնեսի հաջողության համար՝ Նախագծով առաջարկվող փոփոխությունների ընդունմամբ լրացուցիչ երաշխիքներ կստեղծվեն մտավոր սեփականության և դատական պաշտպանության իրավունքների ապահովման համար։

Առաջարկվում է մտավոր սեփականության օբյեկտներ հանդիսացող ապրանքների ներմուծման գործընթացի  դատարան ներկայացվող հայցերն ընդգրկել հատուկ հայցային վարույթների ցանկում:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել