ՀՀ ՔԿ ԵՔՔՎ Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների քննչական բաժնում քննություն է տարվում՝ Էրեբունի համայնքում տեղի ունեցած կրակոցների՝ թվով երեք դեպքերի բոլոր հանգամանքները պարզելու ուղղությամբ: Այս մասին հայտնում են ՔԿ մմուլի ծառայությունից։
Նախնական տվյալներով՝ 2019 թվականի նոյեմբերի 10-ին՝ ժամը 15.00-ի սահմաններում, հրազենով կրակոցներ են արձակվել Երևան քաղաքի Բուռնազյան փողոցում գտնվող արտադրամասի պատուհանի ուղղությամբ՝ վնասելով երկշերտ ապակիներից մեկը և պատին ամրացված տեսախցիկը:
Դեպքի առթիվ Ոստիկանության Էրեբունու բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 235-րդ հոդվածի 1-ին մասով և 258-րդ հոդվածի 2-րդ մասով, որը նախաքննություն կատարելու համար ուղարկվել է Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների քննչական բաժին և ընդունվել է վարույթ:
Բացի այդ, տվյալներ են ստացվել նաև 2019 թ. նոյեմբերի 14-ի լույս 15-ի գիշերը Երևան քաղաքի Տիգրան Մեծ պողոտայի շենքերից մեկի առաջին հարկում գտնվող բնակարանի և 2019 թվականի նոյեմբերի 21-ին՝ ժամը 00:30-ի սահմաններում, Երևան քաղաքի Տիգրան Մեծի պողոտայում գտնվող գրասենյակի ուղղությամբ հրազենից կրակոցներ արձակելու վերաբերյալ:
Նշված դեպքերի առթիվ ևս Ոստիկանությունում հարուցվել են քրեական գործեր՝ ՀՀ քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի 2-րդ մասով և 235-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով, որոնք նախաքննություն կատարելու համար ուղարկվել են Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների քննչական բաժին և ընդունվել վարույթ:
Ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում տվյալներ են ձեռք բերվել՝ զինված միջադեպերի առերևույթ կազմակերպչի և մասնակից անձանցից մի քանիսի ինքնության վերաբերյալ, ինչպես նաև այն մասին, որ վերջիններս, հնարավ որ է, իրենց բնակության վայրերում պահել են զենք և զինամթերք:
Հարուցված քրեական գործերի փաստական հանգամանքներով պայմանավորված, բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ քննություն ապահովելու անհրաժեշտությունից ելնելով՝ որոշում է կայացվել՝ վերոհիշյալ թվով երեք քրեական գործերը մեկ վարույթում միացնելու և համատեղ քննություն կատարելու վերաբերյալ, մշակվել է քննչական պլան, առաջ են քաշվել աշխատանքային վարկածներ:
Նախաքննության ընթացքում կատարվել են դեպքերի վայրերի զննություններ, որի ընթացքում հայտնաբերված առարկաների վրա առկա են եղել հրազենային վնասվածքներ, հայտնաբերվել և առգրավվել են կրակված փամփուշտների գնդակների չորս բեկորներ, վնասված տեսանկարահանող սարք, կրակված փամփուշտի գնդակների մնացորդներ, թվով 25 կրակված 5/39 տրամաչափի փամփուշտների պարկուճներ: Հայտնաբերվել է նաև «Տոյոտա Կոռոլա» մակնիշի ավտոմեքենա՝ հրազենային վնասվածքներով:
Քրեական գործով էական նշանակություն ունեցող հանգամանքներ պարզելու համար նշանակվել են դատաձգաբանական, դատաքիմիական փորձաքննություններ, ինչպես նաև՝ դատաապրանքագիտական համալիր փորձաքննություն:
Նախաքննությունը շարունակվում է: Ոստիկանության համապատասխան ստորաբաժանումների հետ համատեղ ձեռնարկվում են անհրաժեշտ բոլոր միջոցառումները՝ բոլոր հանգամանքները պարզելու, դեպքերին մասնակցություն ունեցած անձանց հայտնաբերելու և վարույթն իրականացնող մարմնին ներկայացնելու ուղղությամբ։
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: