Շարունակվում է վարչապետ Նիկոլ Փաշինյանի պաշտոնական այցը Իտալիայի Հանրապետություն։ Հայաստանի վարչապետը գտնվում է Միլան քաղաքում։
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը տիկնոջ՝ Աննա Հակոբյանի հետ այսօր այցելել է Միլանի կաթոլիկ տաճար, շրջել տաճարով, ծանոթացել պատմամշակութային մեծ արժեք ներկայացնող տաճարի ճարտարապետությանն ու պատմությանը։
Միլանի տաճարը՝ Duomo di Milano-ն, գոթական ոճի կաթոլիկ տաճար է, գտնվում է Իտալիայի Լոմբարդիա շրջանի վարչական կենտրոնում։ Այն Միլանի արքեպիսկոպոսի նստավայրն է։ Ունի 108մետր բարձրություն և կարող է տեղավորել միաժամանակ 40 հազար մարդու։ Միլանի գոթական տաճարը մեծությամբ 4-րդն է աշխարհում, 3-րդը՝ Եվրոպայում։ Տաճարն ունի բազմաթիվ մարմարյա սրածայր աշտարակներ, որոնք իրար են կցված հենարանների ցանցով։ Շինարարությունն սկսվել է 1386 թվականին, ավարտվել՝ 1813 թվականին։ Տաճարի գոթական ոճը միահյուսվում է Ռենեսանսի մշակույթի տարրերի հետ, ներսում գտնվում է տաճարի գլխավոր խորհրդանիշը՝ Միլանի հովանավորուհու՝ «La Madonnina»-ի ոսկյա արձանը։


