Դատապարտյալների համար ծանրոցներ և անձնական իրեր բերող անձանց համար կստեղծվեն ավելի բարենպաստ պայմաններ

Արդարադատության նախարարությունը հանրային քննարկման է ներկայացրել ՀՀ կառավարության 2006 թվականի օգոստոսի 3-ի «Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության քրեակատարողական ծառայության՝ կալանավորվածներին պահելու վայրերի և ուղղիչ հիմնարկների ներքին կանոնակարգը հաստատելու մասին» թիվ 1543-Ն որոշման մեջ  փոփոխություն և լրացումներ կատարելու նախագիծ.

Կալանավորված անձանց կամ դատապարտյալների համար նախատեսված հանձնուքները, ծանրոցները և անձնական իրերը համապատասխան քրեակատարողական ծառայողի կողմից հատուկ տեխնիկական միջոցներով (անշփում զննման համակարգերով, ռենտգեն կամ այլ սարքերով) զննվելու արդյունքում, արգելված իրեր չհայտնաբերվելու, ինչպես նաև  դրանցում արգելված իրեր պարունակելու հիմնավոր կասկածի բացակայության դեպքում չեն իրականացվի սույն կանոնակարգի նախատեսված գործողությունները.

1) հացաբուլկեղենը կտրատվում է,

2) պահածոները բացվում և տեղափոխվում են մեկ այլ տարայի մեջ,

3) ձուկը կտրատվում է մասերի,

4) պանիրը, երշիկեղենը և մսեղենը կտրատվում են կտորների,

5) սորուն մթերքները (շաքարավազ, աղ և այլն) լցվում են մեկ այլ տարայի մեջ,

6) ծխախոտների տուփերը բացվում և ստուգվում են,

7) կոնֆետներն ընդունվում են առանց փաթեթավորման, անհրաժեշտության դեպքում կտրատվում են կտորների,

8) բոլոր մյուս մթերքները, որոնք կարող են օգտագործվել իրենց մեջ արգելված իրեր թաքցնելու համար, ստուգվում են նույն կերպ,

9) գրքերը, ամսագրերը և այլ տպագրական հրատարակությունները թերթվում են, և գրքերի կազմերը շոշափվում են` թաքստոցներ հայտնաբերելու նպատակով:

Նախագծի հիմանվորման մեջ ասվում է, որ նախագծի ընդունման արդյունքում կալանավորված անձանց, դատապարտյալների և վերջիններիս մոտ հանձնուքներ, ծանրոցներ և անձնական իրեր բերող անձանց համար կստեղծվեն իրենց իրավունքի իրացման համար ավելի բարենպաստ պայմաններ, քրեակատարողական հիմնարկներում կբացառվեն արհեստական հերթեր առաջանալու ռիսկերը, իսկ քրեակատարողական ծառայողները կազատվեն ձևական բնույթի գործողություններ կատարելու ավելորդ  ծանրաբեռնվածությունից:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել