Ազգային Ժողովի պատգամավորներ Համազասպ Դանիելյանը և Հերիքնազ Տիգրանյանը առաջարկում են «Հանրաքվեի մասին» օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարել:
Նախագծով նախատեսվում է, որ քաղաքացիական նախաձեռնության կարգով Ազգային ժողովին օրենքի նախագիծ առաջարկելու կամ հանրաքվեի միջոցով ընդունված օրենքում փոփոխություն կատարելու մասին օրենքի նախագիծը հանրաքվեի դնելու համար անհրաժեշտ կլինի կազմավորել 50 քաղաքացու փոխարեն առնվազն 25 քաղաքացուց բաղկացած նախաձեռնող խումբ:
Կենտրոնական ընտրական հանձնաժողովը տասը աշխատանքային օրվա ընթացքում կգրանցի նախաձեռնող խմբին և նախաձեռնող խմբի լիազոր ներկայացուցչին կամ կմերժի գրանցումը: Կենտրոնական ընտրական հանձնաժողովի որոշումն ուժի մեջ կմտնի նիստում հրապարակվելու պահից և մինչև հաջորդ օրվա ավարտը կտեղադրվի Կենտրոնական ընտրական հանձնաժողովի համացանցային կայքում: Եթե տասնօրյա ժամկետում Կենտրոնական ընտրական հանձնաժողովը որոշում չկայացնի, նախաձեռնող խումբը կհամարվի գրանցված:
Տեղում ստորագրությունների հավաքում կազմակերպվում է ՀՀ տարածքում գործող՝ համայնքապետարաններում, բազմաբնակավայր համայնքներում՝ նաև համայնքի կազմում ընդգրկված բնակավայրի վարչական ղեկավարների նստավայրերում, Երևան քաղաքում՝ վարչական շրջանների ղեկավարների նստավայրերում, մարզպետարաններում, այսուհետ նաև օրենքով չարգելված այլ վայրերում:
Թերությունների հայտնաբերման դեպքում Կենտրոնական ընտրական հանձնաժողովն անհապաղ պետք է տեղեկացնի քաղաքացիական նախաձեռնության լիազոր ներկայացուցչին և տրամադրի 10 աշխատանքային օր՝ հայտնաբերված թերությունները վերացնելու համար: