Երևանի ավագանու «Լույս» խմբակցության անդամ Անի Խաչատրյանը այսօր՝ նոյեմբերի 18-ին, լրագրողների հետ զրույցի ընթացքում անդրադարձել է մետրոպոլիտենի նոր կայարանի կառուցմանը:
Ավագանու անդամը նշել է, որ քաղաքային իշխանությունները հասկացել են, որ մետրոպոլիտենի նոր կայարանի կառուցման ծրագիրը հնարավոր չի լինելու իրականացնել.
«Կա խոստում քաղաքային իշխանության հնգամյա ծրագրում, որտեղ խոստանում են ևս մեկ կայարան, որը պետք է լինի Սուրմալու և Փեթակ առևտրի կենտրոնների տարածքում: Այնտեղ մետրոն գնում է բաց տարածքով, կամուրջի վրայով, մեզ ընդամենը պետք է ունենալ ծածկ, այսինքն ոչնչի կարիք չկա: Կարծում եմ, որ քաղաքային իշխանությունները, այն նախագիծը, որը ցույց են տվել և մեկ ամիս թափահարել են, չի կարողանալու իրագործել և գտել են այլընտրանքային մի տարբերակ, դա աստիճանավանդակ ստեղծելն է և ասելը, որ մենք մետրոյի նոր կայարան ունեցանք»,- նշել է Անի Խաչատրյանը:
Նա անդրադարձել է նաև աղբահանության խնդրին՝ նշելով, որ աղբահանության համար գնված մեքենաները արդեն վատ վիճակում են.
«Երբ մենք ասում էինք եկեք գումար չծախսենք քաղաքի բյուջեից, եկեք այլ օպերատորներ ներգրավենք, մեզ լսող չեղավ: Եթե համարում ենք, որ աղբահանությունը միայն աղբի ամանները դատարկելն է, սխալվում ենք»,- նշել է ավագանու անդամը: