Քաղաքացիական օրենսգրքի 29-րդ հոդվածը սահմանում է մինչև տասնչորս տարեկան անչափահասների գործունակությունը․
1. Տասնչորս տարեկան չդարձած անչափահասների փոխարեն գործարքները նրանց անունից կարող են կնքել միայն նրանց ծնողները, որդեգրողները կամ խնամակալները:
2. Վեցից մինչև տասնչորս տարեկան փոքրահասակներն իրավունք ունեն ինքնուրույն կնքել`
1) մանր կենցաղային գործարքներ.
2) նոտարական վավերացում կամ գործարքներից ծագող իրավունքների պետական գրանցում չպահանջող` անհատույց օգուտներ ստանալուն ուղղված գործարքներ.
3) օրինական ներկայացուցչի կամ վերջինիս համաձայնությամբ երրորդ անձանց կողմից որոշակի նպատակով կամ ազատորեն տնօրինելու համար տրամադրված միջոցները տնօրինելու գործարքներ:
3. Փոքրահասակի գործարքներով` ներառյալ նրա կողմից ինքնուրույն կնքված գործարքները, գույքային պատասխանատվություն են կրում նրա ծնողները, որդեգրողները կամ խնամակալը, եթե չապացուցեն, որ պարտավորությունն իրենց մեղքով չի խախտվել: Այդ անձինք, օրենքին համապատասխան, պատասխանատվություն են կրում նաև փոքրահասակի պատճառած վնասի համար:
Օրենսգրքի 30-րդ հոդվածը սահմանում է տասնչորսից մինչև տասնութ տարեկան անչափահասների գործունակությունը․
1. Տասնչորսից մինչև տասնութ տարեկան անչափահասները կարող են գործարքներ կնքել իրենց օրինական ներկայացուցիչների` ծնողների, որդեգրողների կամ հոգաբարձուի գրավոր համաձայնությամբ։
2. Տասնչորսից մինչև տասնութ տարեկան անչափահասները, առանց ծնողների, որդեգրողների կամ հոգաբարձուի համաձայնության, իրավունք ունեն`
1) տնօրինել իրենց աշխատավարձը, կրթաթոշակը և այլ եկամուտները.
2) իրականացնել գիտության, գրականության կամ արվեստի ստեղծագործության, գյուտի կամ մտավոր գործունեության` օրենքով պահպանվող այլ արդյունքի հեղինակի իրավունքներ.
3) օրենքին համապատասխան` ավանդներ մուծել վարկային հաստատություններ և տնօրինել դրանք.
Տասնվեց տարեկան դառնալիս` անչափահասներն իրավունք ունեն նաև, կոոպերատիվների մասին օրենքներին համապատասխան, լինել կոոպերատիվի անդամ:
Ծնողների, որդեգրողների կամ հոգաբարձուի կամ խնամակալության և հոգաբարձության մարմնի միջնորդությամբ դատարանը կարող է բավարար հիմքերի առկայության դեպքում սահմանափակել տասնչորսից մինչև տասնութ տարեկան անչափահասի` իր աշխատավարձը, կրթաթոշակը կամ այլ եկամուտներն ինքնուրույն տնօրինելու իրավունքը կամ զրկել նրան այդ իրավունքից։