Ազգային ժողովի փոխնախագահ Ալեն Սիմոնյանը առաջարկում է Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքում լրացումներ կատարել:
Նախագծով նախատեսվում է, որ բացօթյա առևտուր իրականացնող վաճառողի կողմից ամանորյա տոնակատարությունների համար նախատեսված արմատից հատված եղևնիների և սոճիների վաճառքը, որևէ կերպ դրանց օտարումը կամ առևտրային նպատակներով ցուցադրումը՝ կառաջացնի տուգանքի նշանակում՝ 300 հազարից մինչև 500 հազար դրամի չափով:
Առևտրի օբյեկտների և առեւտրի իրականացման վայրում ամանորյա տոնակատարությունների համար նախատեսված արմատից հատված եղևնիների և սոճիների վաճառքը, որևէ կերպ դրանց օտարումը կամ առևտրային նպատակներով ցուցադրումը՝ կառաջացնի տուգանքի նշանակում՝ 500 հազար դրամի չափով:
Կթույլատրվի միայն ծաղիկների, տնկիների, ամանորյա տոնակատարությունների համար նախատեսված արմատից չհատված եղևնիների և սոճիների, պաղպաղակի, ջրի, այդ թվում` հանքային, հյութերի և զովացուցիչ ըմպելիքների բացօթյա առևտուրը:
Առևտրի օբյեկտների և առևտրի իրականացման վայրում կարգելվի ամանորյա տոնակատարությունների համար նախատեսված արմատից հատված վիճակում եղևնիների և սոճիների վաճառքը, որևէ կերպ դրանց օտարումը կամ առևտրային նպատակներով ցուցադրումը:
Նախագծի հիմնավորման մեջ նշվում է, որ ներկայումս տարածված երևույթ է, երբ ամանորյա տոնակատարությունների նախաշեմին շուկայում հայտնվում են արմատից սղոցված եղևնիների և սոճիներ: Ներկայիս նորմատիվ իրավական դաշտը չի կարգավորում արմատից որևէ կերպ հատված ծառերի վաճառքի սահմանափակում: Բուսական աշխարհը ինքնին պաշտպանված է օրենքով, սակայն ապօրինի հատված ծառերն ինքնըստինքյան հայտնվում են շուկայում: Բացի այդ, ներկայիս կարգավորմամբ բացակայում են օրենսդրական խոչընդոտները ապօրինի հատված եղևնի և սոճիների վաճառքի վերաբերյալ: Ռիսկային է թույլատրել հատված եղևնիների և սոճիների վաճառքը, քանի որ մեծ է հավանականությունը ապօրինի հատումների: Առևտրի և ծառայությունների ոլորտը կարգավորող օրենքում թույլատրվում է ամանորյա տոնակատարությունների համար եղևնիների և սոճիների վաճառքը, սակայն չի հստակեցվում դրանց վաճառահանման կանոնները, ինչպես նաև ծագումը: Ստացվում է մի իրավիճակ, երբ ապօրինի հատված նման ծառերը կարող են անարգել վաճառվել: