ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Արաբկիր վարչական շրջանի քննչական բաժնում ձեռնարկված քննչական գործողությունների արդյունքում բացահայտվել է դեղատան աշխատակցի նկատմամբ ավազակային հարձակում կատարելու դեպքի մի շարք հանգամանքներ. մեղադրանք է առաջադրվել 1987թ. ծնված քաղաքացուն:
Այս մասին տեղեկացնում են քննչական ծառայությունից:
Քննությամբ ձեռք բերված տվյալների համաձայն՝ առերևույթ հանցագործություն կատարած անձը, 2019 թվականի հոկտեմբերի 27-ին՝ ժամը 23:24-ին, մուտք գործելով Երևան քաղաքի Ազատության պողոտայում գտնվող դեղատներից մեկը, գումար հափշտակելու դիտավորությամբ, հարձակում է գործել նշված դեղատան աշխատակցի նկատմամբ՝ ի ցույց դնելով նախապես վերցված դանակը, վաճառասեղանից ներս անցնելու սպառնալիքով, պահանջել և ստացել է դրամարկղում առկա գումարները՝ պատճառելով զգալի չափերի վնաս:
Ձեռք բերված ապացույցների համակցությամբ՝ Երևան քաղաքի 32-ամյա բնակչին մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 175-րդ հոդվածի 2-րդ մասի 4-րդ կետով, և նրա նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանավորումը:
Նախաքննությունը շարունակվում է, միջոցներ են ձեռնարկվում դեպքի հանգամանքների օբյեկտիվ, լրիվ և բազմակողմանի քննությունն ապահովելու ուղղությամբ:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: