Պարզաբանում՝ 254 քաղաքացու դիվանագիտական անձնագրերը չեղարկելու վերաբերյալ

Նոյեմբերի 9-ին լրատվականներից մեկը գրել էր, թե  հեղափոխությունից հետո նոր իշխանության առաջին քայլերից մեկը եղել է 254 քաղաքացու դիվանագիտական անձնագրերի չեղարկումը։ Լրատվամիջոց հարցում էր կատարել Արտաքին գործերի նախարարություն՝ հասկանալու, թե, օրենքով սահմանված կարգից բացի, այժմ քանի անձ ունի «արտոնյալի» կարգավիճակ։ Հարցմանն ի պատասխան՝ ԱԳՆ-ն տեղեկացրել էր, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանի անհատական թույլտվությամբ 19 անձանց տրամադրվել է դիվանագիտական անձնագիր։

Այս մասին հայտնում է կառավարության կողմից գործարկվող «Տեղեկատվության ստուգման կենտրոն» պետական տեղեկատվական հարթակը։

Գերատեսչության պատասխանից հետո լրատվամիջոցը եզրակացրել էր.
«400 անձ ունի դիվանագիտական անձնագիր, որոնք կարող են յուրաքանչյուր պահի մեկնել արտերկիր։ Քանի որ հստակ թիվ չկա, չենք կարող հաշվել դիվանագետներին ու նրանց ընտանիքների անդամներին։ Ու երբ վերը նշված ցանկին գումարում ենք 19 թիվը (վարչապետի տրամադրած անձնագրերի), ապա ստացվում է ավելի մեծ թիվ՝ մոտ 200-ն էլ ընտանիքի անդամներն են։ Այսինքն՝ ամենահամեստ հաշվարկներով ստացվում է 500-600 դիվանագիտական անձնագիր»։
Այս թվաբանական խառնաշփոթը որևէ կերպ չի համապատասխանում իրականությանը, և դիվանագիտական անձնագրերի քանակի, ինչպես նաև դրա գործնական նշանակության վերաբերյալ տալիս է թյուր պատկերացումներ։ ԱԳՆ-ն վերահաստատում է, որ վարչապետի անհատական թույլտվությամբ շնորհված դիվանագիտական անձնագրերի քանակը 19 է, այսինքն՝ նախկինի համեմատ կրճատվել է 90%-ից ավելի։ Վարչապետի որոշումը չի տարածվել հիշյալ անձանց ընտանիքի անդամների վրա ևս, այն վերաբերում է բացառապես հիշյալ 19 անձանց։
«Դիվանագիտական ծառայության մասին» օրենքի 49-րդ հոդվածի 1-ին մասը սահմանում է, որ դիվանագիտական անձնագիր ի պաշտոնե տրվում է Հանրապետության նախագահին, վարչապետին, ԱԺ նախագահին, ՍԴ նախագահին և թվարկված պաշտոնյաների ընտանիքների անդամներին, Հանրապետության պաշտոնաթող նախագահին, Ամենայն հայոց կաթողիկոսին, ՍԴ դատավորներին, Կառավարության անդամներին, ԱԺ պատգամավորներին, ԱԽ անդամներին, Սահմանադրությամբ նախատեսված պետական մարմիների ղեկավարներին, իսկ կոլեգիալ մարմինների դեպքում՝ դրանց նախագահներին, Վճռաբեկ դատարանի նախագահին, ՀՀ գլխավոր դատախազին, ԿԲ նախագահին, մարզպետներին, Երևանի քաղաքապետին։
Բացի դրանից՝ ծառայողական նպատակներով դիվանագիտական անձնագիր տրամադրվում է Արտաքին գործերի նախարարությունում, նախարարության ենթակա մարմնի՝ պետական արարողակարգի ծառայությունում, նախարարության ենթակա՝ օտարերկրյա պետություններում դիվանագիտական ծառայության մարմնում ծառայության նպատակով մեկնած անձանց։
Օրենքի 49-րդ հոդվածի 1-ին մասով սահմանված՝ ի պաշտոնե կամ ծառայողական նպատակներով դիվանագիտական անձնագիր կրելու իրավունք ունեցողների այս սահմանափակ ցանկը, ըստ էության, բացառում է չարաշահման հնարավորությունը։ Ուստի, ինչպես նախկինում, այնպես էլ ներկայումս այդ անձանց տրամադրված անձնագրերի վավեր թիվը համընկնում է օրենքով հստակ նշված պաշտոններ զբաղեցնող անձանց թվին:
ԱԳՆ-ից «Տեղեկատվության ստուգման կենտրոնին» հայտնում են, որ դիվանագիտական անձնագրերի թվերի տարբերությունը քննարկելի է միայն օրենքի 2-րդ մասով՝ այլ անձանց հայեցողական տրամադրվող անձնագրերի դեպքում, որը մինչև 2018 թվականի ապրիլի 9-ը պահանջում էր նախագահի համաձայնությունը, իսկ ներկայումս՝ վարչապետի համաձայնությունը։
Նախկինում նշված 254 վավեր անձնագրերի թիվը վերաբերում էր հենց այս կատեգորիայի անձանց շրջանակին, այսինքն՝ օրենքով նախատեսված անձանցից դուրս այլ անձանց տրամադրման դեպքերի քանակին։
Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել