Անցել է մոտ մեկ տարի, սակայն վճարային տերմինալները մինչև այսօր չեն ընդունում նոր սերնդի թղթադրամները

2018 թվականի նոյեմբերի 22-ից Կենտրոնական բանկը աստիճանաբար շրջանառության մեջ դրեց նոր սերնդի թղթադրամները։

Ավելի ուշ Կենտրոնական բանկից Իրավաբան.net-ին հայտնեցին, որ սկզբնական շրջանում նոր թղթադրամներով հնարավոր չի լինի վճարումներ կատարել վճարային տերմինալներում, սակայն մոտակա ամիսների ընթացքում տեխնիկական և ծրագրային փոփոխություններ կատարելուց հետո այդ հարցն էլ կկարգավորվի։

Անցել է մոտ մեկ տարի, սակայն վճարային տերմինալները մինչև այսօր չեն ընդունում նոր սերնդի թղթադրամներ։

Կենտրոնական բանկի մամուլի խոսնակ Հարություն Կբեյանը Իրավաբան.net-ին հայտնեց, որ այս պահի դրությամբ դեռ քննարկումներ են ընթանում, քանի որ գործընթացի մասշտաբը բավականին մեծ է։

«Թղթադրամները պետք է ընդունեն բոլոր տերմինալները և բանկոմատները։ Այժմ տեխնիկական շտկումներ են կատարվում և գործընթացի ավարտի մասին ԿԲ-ն նախօրոք կհայտնի։ Գործընթացի արագ կազմակերպելու խնդիր, որպես այդպիսին, դրված չէ, քանի որ նոր թղթադրամների քանակը շրջանառության մեջ այնքան էլ մեծ չէ։ Դա կախված չէ ոչ մեկից, դա բնականոն պրոցես է»,-նշեց Հարություն Կբեյանը։

Հիշեցնենք, որ նոր 1000-դրամանոցը նվիրված է Պարույր Սևակին: 2000-դրամանոցը՝ շախմատիստ Տիգրան Պետրոսյանին: 5000-դրամանոցը՝ Վիլյամ Սարոյանին, 10․000-դրամանոցը՝ Կոմիտասին, 20․000-դրամանոցը՝ Հովհաննես Այվազովսկուն, 50․000-դրամանոցը՝ Գրիգոր Լուսավորչին:

Նոր թղթադրամների մասին պատմող տեսանյութը՝ ԿԲ-ի

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել