Իրավաբան․net-ը հայտնում է, որ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը հանրային քննարկման է ներկայացրել «Հայաստանի Հանրապետության կառավարության 2014 թվականի մարտի 6 ի N 275-Ն որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծը, որի նպատակը «Պետական նպաստների մասին» ՀՀ օրենքով սահմանված՝ երեխայի ծննդյան միանվագ նպաստի չափն ավելացնելն է։ Նախագիծն ընդունվելու դեպքում երեխայի ծննդյան միանվագ նպաստի չափը առաջին երեխայի ծնվելու դեպքում կավելանա 250 հազար դրամով, իսկ երկրորդ երեխայի ծնվելու դեպքում` 150 հազար դրամով:
Նախագծի հիմնավորման մեջ նշվում է, որ ներկայումս ՀՀ կառավարության 2014 թվականի մարտի 6-ի N 275-Ն որոշման 1-ին կետի 1-ին ենթակետի «ա» և «բ» պարբերություններով, ի կատարումն «Պետական նպաստների մասին» ՀՀ օրենքի, սահմանված է երեխայի ծննդյան միանվագ նպաստի չափը`
ա. առաջին երեխայի ծնվելու դեպքում` հիսուն հազար դրամ,
բ. երկրորդ երեխայի ծնվելու դեպքում` հարյուր հիսուն հազար դրամ։
Նախորդ ժամանակահատվածում արձանագրված ժողովրդագրական իրավիճակի զարգացման բացասական միտումները մեղմելու նպատակով, որպես ժողովրդագրական իրավիճակի բարելավման քայլերից մեկը, առաջարկվում է բարձրացնել երեխայի ծննդյան միանվագ նպաստի չափը։
Համաձայն ներկայացված նախագծի՝ առաջարկվում է 2020 թվականի հուլիսի 1-ին և դրանից հետո ծնված` առաջին և երկրորդ երեխայի ծննդյան կապակցությամբ նշանակվող երեխայի ծննդյան միանվագ նպաստի չափը սահմանել 300 000 դրամ։