Արդարադատության նախարարությունը հանրային քննարկման է ներկայացրել «Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծը, որով առաջարկվում է փոփոխություններ և լրացումներ կատարել խափանման միջոցներին վերաբերող քրեադատավարական նորմերում:
Նախագծով առաջարկվում է խափանման բոլոր միջոցները դիտել որպես կալանավորման այլընտրանքային խափանման միջոցներ՝ հնարավորություն ընձեռելով դատարաններին մինչև կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելը կամ կալանքի տակ պահելու ժամկետը երկարացնելը լուծել մեղադրյալի նկատմամբ ազատությունից զրկելու հետ չկապված խափանման միջոցների կիրառմամբ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 134-րդ հոդվածի 1-ին մասով սահմանված նպատակներին հասնելու հնարավորության հարցը:
Նախագծով առաջարկվում է նաև ընդարձակել գրավ խափանման միջոցի կիրառման հիմքերը՝ այն թույլատրելով կիրառել ոչ միայն վարույթն իրականացնող մարմնի տրամադրության տակ անձի գտնվելն ապահովելու նպատակով, այլ նաև ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 135-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված ցանկացած հիմքի առկայության դեպքում, ինչից բխում է, որ պետք է նաև թույլատրել գրավը պետության եկամուտ դարձնել այն դեպքերում, երբ անձը կատարել է ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 135-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված արարքներից ցանկացածը:
Բացի այդ, առաջարկվում է գրավը կիրառել ոչ միայն որպես կալանավորման այլընտրանքային խափանման միջոց, այլ նաև՝ որպես ինքնուրույն խափանման միջոց՝ կալանավորումից անկախ:
Առաջարկվում է նաև գրավը, ազատությունից զրկելու հետ չկապված այլ խափանման միջոցների պես, կիրառել նաև դատախազի, քննիչի, հետաքննության մարմնի որոշմամբ ինչպես մեղադրյալի, այնպես էլ կասկածյալի նկատմամբ:
Նախագծով առաջարկվում է նաև գրավի գումարի նվազագույն չափը սահմանել 200.000 ՀՀ դրամ՝ անկախ հանցագործության տեսակից՝ հնարավորություն տալով անձի նկատմամբ կիրառվող գրավի չափը անհատականացնել՝ հաշվի առնելով ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 135-րդ հոդվածի 3-րդ մասով նախատեսված հանգամանքները:
Խափանման միջոց կալանավորումը միայն որպես ծայրահեղ միջոց դիտելը երաշխավորելու համար առաջարկվում է, որպեսզի կալանավորում ընտրելու կամ կալանքի տակ պահելու ժամկետը երկարացնելու վերաբերյալ միջնորդություն ներկայացնելու յուրաքանչյուր դեպքում քննիչի կամ դատախազի կողմից միջնորդության մեջ շարադրվի ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 134-րդ հոդվածի 1-ին մասով սահմանված նպատակներին այլ խափանման միջոցների կիրառմամբ հասնելու անհնարինության վերաբերյալ հետևությունները:
Նախագծով առաջարկվում է նաև կատարելագործել գրավը պետության եկամուտ դարձնելու ընթացակարգը՝ թույլատրելով քրեական գործը դատարանում քննելիս դրանք պետության եկամուտ դարձնելու հարցը քննարկել ոչ միայն դատախազի միջնորդության հիման վրա, այլ նաև դատարանի նախաձեռնությամբ կամ կողմի միջնորդությամբ:
Առաջարկվում է նույնանման ընթացակարգ սահմանել նաև երաշխավորության գումարը պետության եկամուտ դարձնելու համար:
Նախագծով առաջարկվում է քննիչի կողմից հետախուզում հայտարարելուց հետո հետաքննության մարմին խափանման միջոց ընտրելու որոշումը ուղարկելու պարտականություն սահմանել միայն այն դեպքում, երբ այդպիսի որոշում կայացվել է:
Նախագծով, ի թիվս վերոշարադրյալի, առաջարկվում է նաև ուժը կորցրած ճանաչել խափանման միջոցներին վերաբերող քրեադատավարական նորմեր, որոնք փաստացի այլևս չեն կիրառվում: