Նախատեսվում է ԱԱՀ նվազող դրույքաչափերի դիտարկվող արտոնությունը տրամադրել 3 տարի ժամկետով․ նախագիծ՝ ԱԺ-ում

Ազգային ժողովի տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովում քննարկվում է «Լուսավոր Հայաստան» խմբակցության նախագիծը՝ հարկային օրենսգրքում փոփոխություն և լրացում կատարել։

Խմբակցությունը առաջարկում է անհատ ձեռնարկատերերի կամ իրավաբանական անձանց կողմից Հայաստանի Հանրապետության տարածք ԵԱՏՄ անդամ չհանդիսացող երկրներից ներմուծվող, ԱՏԳԱԱ 8702 եւ 8703 ծածկագրերով սահմանված, ներմուծման պահին ավելի քան 3 տարվա, բայց ոչ ավել քան 5 տարվա մաշվածություն ունեցող օգտագործված ավտոմեքենաների ներմուծման հարկման բազայի նկատմամբ ԱԱՀ-ն հաշվարկել 10 տոկոս դրույքաչափով:

Իսկ ներմուծման պահին ավելի քան 5 տարվա, բայց ոչ ավել քան 10 տարվա մաշվածություն ունեցող օգտագործված ավտոմեքենաների ներմուծման հարկման բազայի նկատմամբ ԱԱՀ-ն հհաշվարկել 5 տոկոս դրույքաչափով:

Ընդունման դեպքում օրենքն ուժի մեջ է մտնում 2020 թվականի հունվարի 01-ից և գործում մինչև 2023 թվականի հունվարի 01-ը:

Հեղինակները նշել են, որ հատկապես վերջին 2 տարիներին նշված ոլորտը Հայաստանում բուռն աճ է արձանագրել: Թեեւ կարող է թվալ, որ վերջին ժամանակահատվածի ավտոմեքենաների ներկրման գերակտիվությունը պայմանավորված է մաքսատուրքերի էական փոփոխությամբ, այնուամենայնիվ բերված ոլորտի բուռն վերելքը շղթայական ռեակցիայով հանգեցրել է նաեւ կից ոլորտների զգալի աճին:

«Խոսքը վերաբերում է անվադողերի, քսայուղերի, ավտոպահեստամասերի եւ այլ կից շուկաների ընդլայնմանը եւ զարգացմանը: Բացի դրանից, նշված ոլորտում առկա ներմուծումը դեպի ԵԱՏՄ հետագա արտահանման նպատակով անուղղակիորեն ազդել է նաեւ հյուրատնային, հանրային սննդի եւ այլ մերձզբոսաշրջային ոլորտների զարգացմանը:  Ոլորտի շուկաներում ի հայտ են եկել բազմաթիվ տնտեսվարողներ, որոնք դարձել են խոշոր հարկատուներ եւ հայտնվել խոշոր հարկ վճարողների առաջին հարյուրակում:

Նշված տնտեսվարողների հետ բազմաթիվ հանդիպումներում քննարկվել է ստեղծված իրավիճակը՝ հնարավոր լուծումների ակտիվ որոնումների նպատակով: Ուսումնասիրվել են նաեւ պետական եկամուտների կոմիտեի կողմից հրապարակված տվյալները, եւ կատարվել ոլորտային վերլուծություններ՝ իրավիճակը լավագույնս պատկերացնելու համար:

ԵԱՏՄ համաձայնագրերով վերոնշյալ գործընթացի կտրուկ դադարեցումը, կարելի է նույնիսկ ասել՝ խզումը, հանգեցնելու է տնտեսության համար զգալի ռիսկերի, իսկ շղթայական ռեակցիայի պայմաններում նույնիսկ կա անկման վտանգ:

Այսինքն առաջարկ-պահանջարկի մոդելում գնային պարամետրի արհեստական փոփոխությունը հանգեցնում է գրաֆիկների տեղաշարժի, շուկայի ինքնակարգավորումը կրում է անորոշության զգալի տարրեր, որը բացսական է ազդում շուկայի մասնակիցների կողմից ընդունվող որոշումների վրա:

Արդյունքում կարող է ստացվել զգալի աճի փուլում տնտեսության նշված հատվածի կտրուկ անկում, որը կարող է հանգեցնել մի շարք բացասական հետեւանքների:

Ուստի, բերվող օրինագիծը նպատակ ունի հնարավորինս մեղմել առաջացող անբարենպաստ իրավիճակը՝ ռիսկերի թուլացման համար որոշակի «անվտանգության բարձիկ» ապահովելով:

Ելնելով վերոգրյալից եւ նպատակ ունենալով հնարավորինս պարզեցնել ընթացակարգը, ինչպես նաեւ առավելագույնս բացառել ստվերային գործունեության որեւէ բաղադրիչ՝ առաջարկվում է տնտեսվարողներին հնարավորություն տալ ԱԱՀ դրույքաչափերի նվազման հաշվին չդադարեցնել դիտարկվող գործընթացը եւ ոլորտի տնտեսական ակտիվությունը պահել սպասվելիք գրեթե զրոյական մակարդակից էականորեն բարձր աստիճանում:

Միեւնույն ժամանակ հասկանալով, որ ավտոներկրման այս գործընթացը այնուամենայնիվ կրում է ավելի շուտ կարճաժամկետ կամ միջնաժամկետ բնույթ, նախատեսվում է ԱԱՀ նվազող դրույքաչափերի դիտարկվող արտոնությունը տրամադրել 3 տարի ժամկետով: Երկարաժամկետ հատվածում շուկայի ինքնակարգավորման եւ նաեւ արտաքին այլ գործոնների ազդեցության ներքո այսպիսի տնտեսական ակտիվությունը, որը, ինչ խոսք, ունի որոշակիորեն արհեստական բնութագիր, գնալով վերանալու է:

Ուստի անհրաժեշտ ենք համարում ԱԱՀ դրույքաչափերի փոփոխմամբ տալ հնարավորություն տնտեսության նշված հատվածին եւ դրա հետ փոխկապակցված մյուս ոլորտներին հնարավորինս անցնցում անցում կատարելու զարգացման հաջորդ մակարդակին»,-նշել է նա:

Ֆինանսների նախարար Արման Պողոսյանը ներկայացրեց կառավարության դիրքորոշումը, որի նախագծի վերաբերյալ բացասական էր։

ԱԱՀ-ից տարբերվող դրույքաչափեր սահմանում են առաջնային օգտագործման ապրանքների համար։

«Այս առաջարկը աննախադեպ է ՀՀ-ի համար։ Ինչո՞ւ ենք սկսում մեքենայից այն դեպքում, երբ հացը, աղը, մանկական կերը, դեղորայքը հարկվում են ԱԱՀ-ի ստանդարտ դրույքաչափով, ես չեմ պատկերացնում»,-նշեց Արման Պողոսյանը։

Փոխնախարարը նկատեց, որ տարբեր ժամանակներում ներկայացվելու են այսպիսի նախագծեր՝ այս կամ այն ապրանքի համար դրույքաչափերը նվազեցնելու համար․ «Եթե այս ապրանքի համար սահմանենք տարբերակված նվազեցված դրույքաչափ, ապա մյուս նախագծերի դեպքում մենք չենք ունենալու հիմնավոր փաստարկներ այդ առաջարկությունները չընդունելու համար»։

Հիշեցնենք, որ անձնական օգտագործման նպատակով դասվող մարդատար մեքենաների ԵԱՏՄ մաքսային տարածք ներմուծման ժամանակ Հայաստանի համար 2020 թվականի հունվարի 1-ից մաքսատուրքերը և հարկերը կգանձվեն հավաքական մաքսային վճարի տեսքով:

Հայաստանը ստացել էր իրավունք 5 տարի ժամկետով պահպանել մարդատար ավտոմեքենայի համար գործող մաքսատուրքի դրույքաչափը` 10%-ը, ինչն ցածր է Եվրասիական տնտեսական միության միասնական սակագներից: 

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել