Առողջապահության նախարարությունը հայցում է քաղաքացիների ներողամտությունը՝ սեզոնային գրիպի դեմ պատվաստումների ուշացման համար:
Նախարարությունից հայտնում են, որ պատվաստանյութն արդեն երկրում է: Ներկայումս կազմակերպվում է մաքսազերծումը և առողջության առաջնային պահպանման հաստատություններին բաշխելու գործընթացը:
Այս և նախորդ սեզոններին պատվաստումների ուշացման համար կան մի շարք հիմնավոր պատճառներ:
Առողջապահության նախարարության կողմից 2019-2020 թվականների սեզոնի համար մի քանի փուլով հայտարարվել են պատվաստանյութի ձեռք բերման մրցույթներ, սակայն մասնակիցներ չեն եղել կամ առաջարկները չեն համապատասխանել «Գնումների մասին» օրենքի պահանջներին:
Միաժամանակ, սեզոնային գրիպի պատվաստանյութի գլոբալ անբավարարություն է դիտվում, և Հայաստանի փոքր շուկան հրապուրիչ չէ մատակարարների համար: Սեզոնային գրիպի պատվաստանյութն ունի մեկ այլ առանձնահատկություն՝ մյուս պատվաստանյութերի նման պահուստային պաշար չի ձևավորվում, այլ գնվում է միայն տվյալ սեզոնի համար: