ՀՀ քննչական կոմիտեի Արագածոտնի մարզային քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ՝ մահվան ելքով վրաերթի դեպքի առթիվ:
Այս մասին տեղեկանում ենք Քննչական կոմիտեից։
Նախնական տվյալներով՝ 2019 նոյեմբերի 4-ին՝ ժամը 14:00-ի սահմաններում, անհայտ անձը ավտոմեքենայով Արտաշատ-Թալին ավտոճանապարհի 2-րդ կմ հատվածում վրաերթի է ենթարկել երկու քաղաքացու և դիմել փախուստի: Վրաերթի հետևանքով հետիոտներից մեկը ստացված մարմնական վնասվածքներից տեղում մահացել է, իսկ մյուսը՝ տեղափոխվել է «Աշտարակ ԲԿ» ՓԲԸ:
Դեպքի առթիվ ՀՀ ՔԿ Արագածոտնի մարզային քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ` ՀՀ քրեական օրենսգրքի 242-րդ հոդվածի 2-րդ մասով և 244-րդ հոդվածով:
Նախաքննության ընթացքում իրականացված անհետաձգելի քննչական գործողությունների արդյունքում պարզվել է առերևույթ հանցագործություն կատարած անձի ինքնությունը, ով Արագածոտնի մարզի բնակիչ է ՝ ծնված 1977թ.: Վերջինս ձերբակալվել է:
Նախաքննությունը շարունակվում է: Ձեռնարկվում են անհրաժեշտ քննչական և դատավարական այլ գործողություններ՝ դեպքի բոլոր հանգամանքները պարզելու, օբյեկտիվ, լրիվ և բազմակողմանի քննությունն ապահովելու ուղղությամբ:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: