Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանը որպես հիմնադրամ վերակազմավորելու մասին նախագիծ է ներկայացվել

Կրթության, գիտության,մշակույթի և սպորտի նախարարությունը հանրային քննարկման է ներկայացրել Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարան պետական ոչ առևտրային կազմակերպությունը որպես հիմնադրամ վերակազմավորելու, կանոնադրությունը հաստատելու և գույք տրամադրելու մասին նախագիծ։

Նախագծի հիմանվորման մեջ նշվում է, որ Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանը  հանրապետությունում տնտեսագիտական  բնագավառների մասնագետներ պատրաստող հիմնական բարձրագույն դպրոցն է:

Կրթության բնագավառի արդի զարգացումները թելադրում են սկզբունքորեն նոր հարաբերություններ պետության և բարձրագույն ուսումնական հաստատությունների  միջև: Միջազգային փորձի ուսումնասիրությունը ցույց է տալիս, որ բարձր վարկանիշ ունեցող եվրոպական շատ բուհերի գործունեության իրավակազմակերպական հիմնական ձևը հիմնադրամն է, որը սահմանում և ապահովում է բարձրագույն ուսումնական հաստատությունների ինստիտուցիոնալ ինքնավարությունը:

Հարկ է նկատի ունենալ, որ Եվրոպայի համալսարանների ասոցիացիայի հռչակագրերում ի սկզբանե առանցքային կարևորություն է տրվել բուհի ինքնավարությանը, որը ենթադրում է ակադեմիական, կառավարման և ֆինանսատնտեսական գործունեության ազատականացում:

Հայաստանում գործող բարձրագույն ուսումնական հաստատությունները կրթական բարեփոխումների համատեքստում կարևորում են ակադեմիական ինքնավարության, այն է՝ կառավարման և ֆինանսատնտեսական գործունեության ազատականացման կարևորությունը:

Նշված նախապայմանների ապահովման համար էլ անհրաժեշտություն է առաջացել «Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարան» պետական ոչ առևտրային կազմակերպությունը վերակազմավորման ձևով վերակազմակերպել «Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարան» հիմնադրամի:

Նշվում է նաև, որ ներկայում Հայաստանի Հանրապետությունում պետական ոչ առևտրային կազմակերպության կարգավիճակում գործող գրեթե բոլոր պետական բարձրագույն ուսումնական հաստատությունները վերակազմավորման ձևով վերակազմակերպվել են  հիմնադրամների:

Հայաստանի Հանրապետության պետական բուհերի ռեկտորների խորհուրդը, դեռևս 2012թ. քննարկելով պետական բուհերի ՊՈԱԿ-ից հիմնադրամ վերակազմակերպելու հարցը, հավանություն է տվել բուհերը հիմնադրամների վերակազմակերպման գործընթացին և արձանագրել է, որ գործընթացը բխում է Բոլոնյան համակարգին ինտեգրման պահանջներից և համարվում է դրական բարեփոխում համալսարանների ինքնավարության ապահովման գործընթացում:

Հիմնավորման մեջ նաև նշվում է, որ վերակազմակերպելու արդյունքում հիմնադրամը կունենա լայն հնարավորություն ավելի ճկուն, ազատ, ռացիոնալ, արդյունավետ օգտագործելու իր գույքը, ներգրավելու արտաքին ներդրողների՝ ի նպաստ կրթության ու գիտության զարգացման: Զգալիորեն կավելանան հիմնադրամի կողմից պետական բյուջե մուծվող հարկերը: Պետությունը կպահպանի հիմնադրամին օգտագործման իրավունքով հանձնված գույքի ճիշտ, նպատակային օգտագործման նկատմամբ հսկողություն իրականացնելու իրավունքը՝ պահպանելով նաև օրենքով նախատեսված կրթության ֆինանսավորումը պետական բյուջեից: Հիմնադրամն ինքն է սահմանում ձեռնարկատիրական գործունեության այն տեսակները, որոնցով կարող է զբաղվել, իսկ ՊՈԱԿ-ի դեպքում այդ ցանկը հաստատում է ՀՀ կառավարությունը:լուծել ֆինանսավորման խնդիրը, ինչը կուղղվի կրթության որակի ապահովմանը,  պետության համար առաջնային և կարևորություն ներկայացնող բնագավառներում մասնագետների պատրաստմանն աջակցելուն, միջազգային գիտակրթական համագործակցության զարգացմանը և դրա ինտեգրմանը և ՀՀ օրենսդրությամբ բուհական հաստատություններին վերապահված այլ ուղղությունների զարգացմանը:

Համաձայն «Հիմնադրամների մասին» ՀՀ օրենքի 25-րդ հոդվածի՝ ձեռնարկատիրական գործունեության այն տեսակները, որոնցով հիմնադրամը կարող է զբաղվել, սահմանում է հիմնադրամի հոգաբարձուների խորհուրդը, իսկ ՊՈԱԿ-ի դեպքում՝ այդ գործունեության տեսակները հաստատում է ՀՀ կառավարությունը:

Համալսարանի ներկա կազմակերպաիրավական կարգավիճակը հնարավորություն չի ընձեռնում ընդլայնել ձեռնարկատիրական գործունեության տեսակները՝ առանց ՀՀ կառավարության համապատասխան որոշման ընդունման, ինչի պարագայում ակնառու է, որ  ձեռնարկատիրական գործունեության սահմանափակումները չեն նպաստում համալսարանի գործունեության  արդյունավետության բարձրացման և զարգացման գործընթացին:

Ձեռնարկատիրական գործունեության ծավալների ավելացման արդյունքում կավելանան  նաև համալսարանի կողմից հարկերի տեսքով պետական բյուջե մուտքերը:

      Այսպիսով,  հիմնադրամի վերակազմակերպվելու արդյունքում՝

  • համալսարանը կունենա իր գույքը ավելի ճկուն, ազատ, արդյունավետ օգտագործելու հնարավորություն, կկարողանա ներգրավել արտաքին ներդրողների՝ ի նպաստ կրթության և գիտության զարգացման.
  • զգալիորեն կավելանան համալսարանի կողմից պետական բյուջե մուծվող հարկերը.
  • պետությունը կպահպանի համալսարանին օգտագործման իրավունքով հանձնված գույքի նպատակային օգտագործման նկատմամբ հսկողություն իրականացնելու իրավունքը՝ պահպանելով նաև պետական բյուջեից օրենքով նախատեսված ֆինանսավորումը.
  • համալսարանի դրամական միջոցների շրջանառման գործընթացում անցում կկատարվի գանձապետական ծրագրից առևտրային բանկերին.
  • համալսարանն ինքը կսահմանի ձեռնարկատիրական գործունեության այն տեսակները, որոնցով կարող է զբաղվել.

– համալսարանի կառավարումը կիրականացվի առաջադեմ այլ երկրների                դրական փորձի հաշվառմամբ և  բուհերի ինքնուրույնության և            ինքակառավարման արդյունավետության բարձրացմամբ, ինչը կապահովի  համալսարանի զարգացման հնարավորությունները, կրթության որակի բարելավումը,  ուսումնագիտական ներուժի պահպանումը և զարգացումը՝  գիտության և կրթության ոլորտի արդի զարգացումներին համապատասխան: 

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել