Ժամեկտային զինծառայող է մահացել․ նա հրազենային վնասվածքով հայտնաբերվել է զորամասի զինանոցում

Նոյեմբերի 4-ին, ժամը 19:30-ի սահմաններում, N զորամասի զինանոցում հայտնաբերվել է պարտադիր ժամկետային զինծառայող, շարքային Էրիկ Արարատի Հարությունյանը՝ կզակի շրջանում հրազենային վնասվածքով: Զինվորական հոսպիտալ տեղափոխվելու ճանապարհին Է. Հարությունյանը մահացել է:

Այս մասին հայտնում են Քննչական կոմիտեից։

Երկրորդ կայազորային քննչական բաժնում դեպքի առթիվ ՀՀ քրեական օրենսգրքի 110-րդ հոդվածի 1-ին մասով հարուցվել է քրեական գործ, կատարվում է նախաքննություն:

Ձեռնարկվում են անհրաժեշտ քննչական և դատավարական գործողություններ՝ դեպքի բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ հետազոտումն ապահովելու ուղղությամբ:

ՀՀ պաշտպանության նախարարության մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանից տեղեկանում ենք, որ մահացու հրազենային վիրավորում ստացած զինծառայողը 2000 թվականին էր ծնվել։ Դեպքը տեղի է ունեցել ՊԲ հարավ-արևելյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկում։

«Դեպքի մանրամասները պարզելու համար կատարվում է քննություն: Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարությունը կիսում է կորստյան ծանր վիշտը և իր զորակցությունը հայտնում մահացած զինծառայողի ընտանիքի անդամներին, հարազատներին ու ծառայակիցներին»,-նշել է նա:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել