ՊԵԿ նախկին նախագահ, Ֆինանսների նախկին նախարար Գագիկ Խաչատրյանի փաստաբանական խումբը բողոքարկում է Երևանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Արտուշ Գաբրիելյանի նախագահությամբ ընդունված որոշումը՝ ԱԱԾ–ի միջնորդության վերաբերյալ։ Հիշեցնենք, որ ԱԱԾ–ն միջնորդություն էր ներկայացրել Գագիկ Խաչատրյանի խափանման միջոցը՝ կալանքը երկարաձգելու համար:
Այս մասին հայտարարություն է տարածել Գագիկ Խաչատրյանի փաստաբանական թիմը։
«Դատարանը մերժեց մեր` գրավի դիմաց Խաչատրյանին ազատ արձակելու միջնորդությունը։ Մեզ համար սա անսպասելի որոշում չէր։ Սակայն Դատարանի որոշման մեջ ակնհայտ խնդիրներ կան, որոնք, ըստ էության, որևէ իրավական հնարավորություն չկար շրջանցելու, այսինքն այնպիսի ուղիղ պահանջներ կային կալանքից ազատելու, սակայն դատարանը անտեսել է դրանք», – ասել է Գագիկ Խաչատրյանի պաշտպան Երեմ Սարգսյանը:
Գագիկ Խաչատրյանի պաշտպանները միջնորդություն էին ներկայացրել Դատարան որպես այլընտրանքային խափանման միջոց թույլատրելի ճանաչել գրավի կիրառումը՝ առաջարկելով 230 մլն դրամ։ Դատարանն այդպես էլ չի կարողացել պատճառաբանել, թե ինչու է եկել այն համոզման, որ ազատության մեջ մնալու դեպքում Գագիկ Խաչատրյանը կարող է թաքնվել վարույթն իրականացնող մարմնից կամ խոչընդոտել գործի քննությանը, եթե շուրջ 6 ամից նրա նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառված եղել չհեռանալու մասին ստորագրությունը և նա այդ ընթացքում գտնվել է ազատության մեջ, սակայն թաքնվելու կամ խոչընդոտելու գոնե մեկ փորձ չի կատարել, չնայած որ քաջատեղակ է եղել իր նկատմամբ իրականացվող գործընթացների մասին:
Ինչ վերաբերում է Գագիկ Խաչատրյանի առաղջական վիճակին, փաստաբան Երեմ Սարգսյանն ևս մեկ անգամ շեշտել է, որ այն իրականում բավականին ծանր է։
«Կան համապատասխան բժշկական փաստաթղթեր, որոնց համաձայն՝ Խաչատրյանը պետք է ազատ արձակվի, դա փաստ է: Ցավոք սրտի ինչպես նախաքննական մարմինը և դատախազությունն, այնպես էլ դատարանները բավարար և համարժեք ձևով չեն արձագանքում Գագիկ Խաչատրյանի առողջական վիճակի վերաբերյալ առկա փաստաթղթերին և բժիշկներին նախազգուշացումներին: Արդեն իսկ հաստատված փաստ է, որ ՀՀ պետական մարմինների երկարատև անգործության հետևանքով Գագիկ Խաչատրյանի առողջությանը զգալի վնաս է պատճառվել և եթե այս անգործությունը շարունակվի, ապա լուրջ անդառնալի հետևանքներ կարող են առաջանալ, որի պատասխանատվությունը կրելու է պետությունը », – ասել է Սարգսյանը։
Նշենք, որ Գագիկ Խաչատրյանը, գտնվելով Գերմանիայի Դաշնությունում, քննիչի առաջին իսկ հեռախոսային կանչով, ընդհատել է հետվիրահատական պարտադիր բուժումը և վերադարձել ՀՀ ու ներկայացել վարույթն իրականացնող մարմնին, որպեսզի հնարավորություն տա իր ներկայությամբ ամբողջական և օբյեկտիվ քննություն կատարել։ Սա այն դեպքում, երբ նա կրկնակի վիրահատության կարիք ունի։
Հիշեցնենք, որ ՀՀ ֆինանսների նախկին նախարար, Պետական եկամուտների կոմիտեի (ՊԵԿ) նախկին նախագահ Գագիկ Խաչատրյանն արդեն երկու ամիս է, ինչ կալանքի տակ է։ Նա մեղադրվում է 2008-2014թթ. պետական գործունեության ընթացքում թույլ տված ենթադրյալ պաշտոնեական դիրքի չարաշահման և գույքի վատնման գործով։
Խաչատրյանը չի ընդունում իրեն առաջադրված մեղադրանքը, և նրա փաստաբանական խումբը պնդում է, որ դատարանի տրամադրության տակ չի եղել և դատաքննության ժամանակ դատարանը չի հետազոտել գոնե մեկ ապացույց, որը հնարավորություն կտար ողջամիտ ենթադրություն անել, որ Գագիկ Խաչատրյանին ՀՀ Քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով առաջադրված մեղադրանքում նշված հանցագործությունը ընդհանրապես տեղի է ունեցել, և որ Գագիկ Խաչատրյանը որևէ առնչություն ունի դրա հետ:
Հիշեցնենք նաև, որ Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայության քննչական դեպարտամենտում դեռևս 2019 թվականի փետրվարի 2-ին հարուցված քրեական գործի շրջանակներում տևական ժամանակ ձեռնարկված լայնածավալ օպերատիվ-հետախուզական միջոցառումների և քննչական գործողությունների արդյունքում ձեռք բերված փաստական տվյալների հիման վրա, 2019 թվականի օգոստոսի 27-ին խուզարկություններ են կատարվել ՀՀ պետական եկամուտների կոմիտեի նախկին նախագահ, ՀՀ ֆինանսների նախկին նախարար Գագիկ Խաչատրյանի, ինչպես նաև վերջինիս հետ փոխկապակցված մի շարք անձանց առանձնատներում և բնակարաններում։
Նույն օրը՝ խուզարկությունների ավարտից հետո, Գագիկ Խաչատրյանը և Կարեն Խաչատրյանը (ՀՀ ՊԵԿ նախկին բարձրաստիճան պաշտոնյա) ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 2-րդ մասով և 179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով նախատեսված հանցագործությունների (ծանր հետևանքների առաջացմամբ զուգորդված պաշտոնեական դիրքի չարաշահում և առանձնապես խոշոր չափերով գույքի վատնում) կատարման կասկածանքով բերման են ենթարկվել ՀՀ ԱԱԾ քննչական դեպարտամենտ և ձերբակալվել։
Նախաքննությունը շարունակվում է։
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: