Ինչպե՞ս պետք է կազմակերպվի դպրոցների ջեռուցումը, քանի՞ աստիճան պետք է լինի դասասենյակում

Իրավաբան.net-ը տեղեկացնում է, որ առողջապահության նախարարի 12-Ն հրամանով սահմանվում են դպրոցներին ներկայացվող պահանջները: Հրամանը ստորագրվել է 2017 թվականի մարտի 28-ին: Օրենքն ուժի մեջ է մտել նույն տարվա մայիսի 12-ից:

Նախարի հրամանի 4-րդ գլխով սահմանվում են շահագործվող հաստատությունների օդի ջերմային ռեժիմին ներկայացվող պահանջները, որի համաձայն.

  • Հաստատությունում վառարանային ջեռուցում չի թույլատրվում:
  • Հաստատության ուսումնական սենքերը լիարժեք օդափոխվում են դասամիջոցներին, իսկ ռեկրեացիաները` դասերի ընթացքում: Դասերի ավարտից հետո և դասերից առաջ, ինչպես նաև առաջին ու երկրորդ հերթափոխերի միջև ընդմիջման ժամանակ կատարվում է սենքերի միջանցիկ օդափոխություն: Միջանցիկ օդափոխության տևողությունը որոշվում է ելնելով եղանակային պայմաններից և համապատասխանում է հավելված 3-ում սահմանված պահանջներին:
  • Հաստատության սենքերում ապահովվում է օդի հետևյալ ջերմաստիճանը.

1) դասարաններում, ուսումնական կաբինետներում, դասախոսությունների լսարանում, գրադարանում, բուժկետում (բժշկի կաբինետ), մարզադահլիճի հանդերձարաններում, լաբորատորիաներում, խմբակային պարապմունքների սենյակներում, հանդիսությունների դահլիճում` առնվազն 18-22 աստիճան ցելսիուս,

2) ուսումնական արհեստանոցներում, նախասրահում, հանդերձարանում և ռեկրեացիաներում ցուրտ եղանակային պայմաններում՝ առնվազն 18-20 աստիճան ցելսիուս, իսկ մարզադահլիճում՝ 17-19 աստիճան ցելսիուս:

  • Հաստատության մարզադահլիճում դասերի ժամանակ 5 աստիճան ցելսիուսից բարձր արտաքին ջերմաստիճանի պայմաններում բացվում են մեկ-երկու պատուհան: Ավելի ցածր ջերմաստիճանի դեպքում, մարզադահլիճում պարապմունքներն անցկացվում են բաց օդանցքներով, իսկ միջանցիկ օդափոխությունը կատարվում է դասամիջոցների ժամանակ՝ սովորողների բացակայությամբ:
  • Հաստատությունների սենքերում ապահովվում է օդի հարաբերական խոնավությունը` 40-60 տոկոսի սահմաններում:
  • Հաստատության տեխնոլոգիա առարկայի ուսուցման արհեստանոցներում, որտեղ հաստոցների և սարքավորումների վրա աշխատանքը կապված է ջերմության և փոշու արտազատման հետ, տեղադրվում է տեղային արտաձիգ մեխանիկական օդափոխություն:

Հրամանի 5-րդ գլխով սահմանվում են շահագործվող հաստատությունների բնական և արհեստական լուսավորությանը ներկայացվող պահանջները, որի համաձայն.

  • Ուսումնական սենքերն ապահովվում են բնական լուսավորությամբ: Հաստատության ուսումնական սենքերում անկախ լուսավորման տիպից, սովորողների աշխատանքային տեղերն անհրաժեշտ է դասավորել այնպես, որպեսզի ապահովվի ձախակողմյան բնական լուսավորություն:
  • Վեց մետրից ավել խորություն ունեցող ուսումնական սենքերում, անհրաժեշտ է նախատեսել նաև աջակողմյան արհեստական լուսավորում:
  • Հիմնական լույսի հոսքը սովորողի աշխատանքային տեղի առջևից կամ հետևից արգելվում է:
  • Հաստատությունների սենքերում ապահովվում է բնական և արհեստական լուսավորում՝ սույն կանոնների 62-րդ, 63-րդ կետերում սահմանված նորմերի համաձայն: Ուսումնական սենքերում, միակողմանի կողային բնական լուսավորման դեպքում, բնական լուսավորության գործակիցը (ԲԼԳ-ն) պետք է լինի 1,5%-ից ոչ պակաս (լուսային խորշերին հակառակ պատից 1մ հեռավորության վրա):
  • Ուսումնական սենքերի և կաբինետների պատուհաններն ապահովվում են արևապաշտպան միջոցներով, այդ թվում՝ վերամբարձ-շրջվող վարագույրներով (շերտավարագույրներով):
  • Հաստատության 1-4-րդ դասարանների համար գրատախտակի համար օգտագործվում են մուգ-կանաչ, մուգ-դարչնագույն գույնի ներկեր: Մարկերային գրատախտակները 1-4-րդ դասարաններում չեն օգտագործվում, իսկ բարձր դասարաններում օգտագործման դեպքում մարկերի գույնը լինում է կոնտրաստային՝ սև, կապույտ, կարմիր, շագանակագույն և կանաչ գույների մուգ երանգներով:
  • Ուսումնական սենքերում նախատեսվում է հիմնականում լյումինեսցենտ լուսավորում` լումինեսցենտային լամպերով՝ ապահովված պաշտպանիչ պիտույքակազմով: Թույլատրվում է օգտագործել նաև պաշտպանիչ պիտույքակազմով շիկացման լամպեր:
  • Միևնույն սենքում չեն օգտագործվում շիկացման և լյումինեսցենտ լամպեր միաժամանակ:
  • Ուսումնական սենքերում կիրառվում է ընդհանուր լուսավորման համակարգ: Լյումինեսցենտ լամպերը տեղադրվում են լուսակիր պատին զուգահեռ` արտաքին պատից 1,2 մետր և ներքին պատից 1,5 մետր հեռավորության վրա:
  • Ուսումնական սենքերում լուսավորման նորմատիվ մակարդակը չապահովելու դեպքում գրատախտակը կահավորվում է պաշտպանիչ պիտույքակազմով լուսատու հարմարանքով և լուսավորվում է գրատախտակին հայելային զուգահեռ տեղադրված` 2 լուսամփոփներով:
  • Ուսումնական կաբինետներում, լսարաններում, լաբորատորիաներում լուսավորման մակարդակը համապատասխանում է հետևյալ ցուցանիշներին.

1) աշխատանքային սեղանների վրա՝ (ուսումնական սենքերում և կաբինետներում` բացառությամբ՝ տեխնոլոգիայի և նկարչության կաբինետների, գրադարանում, ուսուցչանոցում) ոչ պակաս քան 300 լյուքս,

2) գրատախտակի վրա՝ 300- 500 լյուքս,

3) տեխնոլոգիայի և նկարչության կաբինետներում՝ ոչ պակաս քան 500 լյուքս,

4) հանդիսությունների և մարզադահլիճում (հատակի վրա)՝ ոչ պակաս քան 200 լյուքս,

5) միջանցքներում՝ ռեկրեացիաներում (հատակի վրա)՝ ոչ պակաս քան 150 լյուքս:

  • Տեխնիկական միջոցներ օգտագործելու ժամանակ սովորողների սեղանի վրա լուսավորումը ոչ պակաս քան 300 լյուքս է: Պրոյեկտորների օգտագործման ժամանակ սովորողների սեղանի վրա լուսավորումը ոչ պակաս քան 500 լյուքս է:
  • Ուսումնական սենքերում սովորողների սեղանների աշխատանքային մակերեսները պետք է պաշտպանված լինեն արևի ուղղակի ճառագայթներից:
  • Լուսամփոփների անսարք լամպերը ժամանակին փոխվում են: Սովորողները չեն ներգրավվում նշված աշխատանքներին: Փչացած և այրված լյումինեսցենտ լամպերը հավաքվում են և մինչև հանձնումը պահվում երեխաների համար անհասանելի տեղում:

Առողջապահության նախարարը 2018 թվականի հոկտեմբերի 10-ին ստորագրել 25-Ն հրամանը, որով հաստատել է «Մանկապատանեկան մարզադպրոցների տեղակայմանը, կառուցվածքին և շահագործմանը ներկայացվող պահանջներ» N 2.1.2.002-18 սանիտարական կանոնները` համաձայն հավելվածի: Հրամանը ուժի մեջ է մտել նոյեմբերի 25-ին։

Նախարի հրամանի 3-րդ գլխով սահմանվում են շահագործվող մարզադպրոցների օդի ջերմային ռեժիմին ներկայացվող պահանջները, որի համաձայն.

  • Մանկապատանեկան մարզադպրոցների մարզադահլիճներում ապահովվում է +17-200C օդի ջերմաստիճանային պայմաններ, հանդերձարաններում՝ առնվազն +20-220C, սպասասրահներում՝ +18-220C:
  • Մանկապատանեկան մարզադպրոցների մարզադահլիճներում դասերի ժամանակ արտաքին ջերմաստիճանի համեմատ 50C բարձր տարբերության պայմաններում բացվում են մեկ-երկու պատուհան: Ավելի ցածր ջերմաստիճանի դեպքում, մարզադահլիճում պարապմունքներն անցկացվում են բաց օդանցքերով, իսկ միջանցիկ օդափոխությունը կատարվում է պարապմունքների ընդմիջման ժամանակ՝ սաների բացակայությամբ:
  • Մանկապատանեկան մարզադպրոցների սենքերում ապահովվում է օդի հարաբերական խոնավությունը` 40-60% սահմաններում:

Հրամանի 2-րդ գլխով սահմանվում են շահագործվող մարզադպրոցների բնական և արհեստական լուսավորությանը ներկայացվող պահանջները, որի համաձայն.

  • Մանկապատանեկան մարզադպրոցների հիմնական տարածքները պետք է ունենան բնական և արհեստական լուսավորություն: Առանց բնական լուսավորության թույլատրվում է նախագծել լվացարանները, ցնցուղարանները, մարզադահլիճների զուգարանները, անձնակազմի ցնցուղարանները և զուգարանները, պահեստները:
  • Մանկապատանեկան մարզադպրոցների մարզադահլիճներում արհեստական լուսավորությունը լումինեսցենտային լամպերով պետք է լինի (հատակի վրա) ոչ պակաս քան 200 լյուքս, միջանցքներում, ռեկրեացիաներում (հատակի վրա)՝ ոչ պակաս քան 150 լյուքս:
Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել