Սննդի նոր ծրագրի իրագործումը 12 ՔԿՀ-ներում 570 մլն դրամ կարժենա․ Ռուստամ Բադասյան

Արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը լրագրողների հետ «Արմավիր» քրեակատարողական հիմնարկում մասնակցել է փորձնական ծրագրի շրջանակում մասնավոր ընկերության կողմից դատապարտյալների և կալանավորված անձանց համար պատրաստվող սննդի համտեսին:

Միջոցառմանը մասնակցել են նաև արդարադատության նախարարի տեղակալ Սրբուհի Գալյանը, Քրեակատարողական վարչության պետ Արթուր Գոյունյանը, «Արմավիր» ՔԿՀ-ի պետ Գերասիմ Գևորգյանը, այլք:

Հիշեցնենք, որ «Նուբարաշեն» ՔԿՀ-ում հոկտեմբերի 15-ից, իսկ «Արմավիր» ՔԿՀ-ում հոկտեմբերի 16-ից մեկնարկել է մասնավոր ընկերության կողմից սննդի ապահովման փորձնական ծրագիրը: Սննդի ապահովման գործառույթը մասնավոր հատվածին պատվիրակելը նշանակում է, որ ներդրվում է բարձր որակավորում ունեցող խոհարարների կողմից քրեակատարողական հիմնարկներում սննդի պատրաստման նոր և արդյունավետ համակարգ։

Լրագրողների հետ զրույցում նախարարը նշել է, որ ծրագիրը, միանաշանակ, պետք է շարունակվի, քանի որ արդյունքներն առ այսօր լավն են. սննդից օգտվող դատապարտյալների և կալանավորված անձանց ցուցանիշը 100%- է: Ռուստամ Բադասյանի խոսքով՝ մինչև 2021 թվականը բոլոր քրեակատարողական հիմնարկների սննդի ապահովման գործառույթը պատվիրակված կլինի մասնավոր հատվածին:

Նշենք, որ կալանավորված անձանց և դատապարտյալներին օրական տրվող պատրաստի սնունդը ներառում է նախաճաշ, ճաշ և ընթրիք: Սնունդը պատրաստվում է ՀՀ ԱՆ քրեակատարողական հիմնարկի տարածքում,  մասնագիտացված խոհարարների կողմից: Քրեակատարողական հիմնարկներում պահվող կալանավորված անձանց և դատապարտյալներին սնունդը տրամադրվում է համաձայն մեկ շաբաթվա համար նախoրոք կազմված ճաշացուցակի, որը տարբեր շաբաթների համար փոփոխվում է՝ սննդի բազմազանությունը ապահովելու նպատակով: Ճաշացուցակները կազմվում են մատակարար կազմակերպության կողմից և հաստատվում քրեակատարողական հիմնարկի պետի կողմից: Դրանք կազմելիս հաշվի են առնվում սննդի բազմազանությունն ու որակը, կալորիականությունը և այլն:

Նախարարը խոսեց նաև սպասվող փոփոխությունների մասին, որոնցից մեկը քրեականատաողականի աշխատակիցների աշխատավարձի բարձրացումն է 30 տոկոսով։

Մանրամասները՝ տեսանյութում

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել